28.04.2020 13:01

ԱՄՆ նախագահը տարեվերջին տնտեսության «աննախադեպ վերականգնում» է խոստանում

ԱՄՆ նախագահը տարեվերջին տնտեսության «աննախադեպ վերականգնում» է խոստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, մամուլի ասուլիս է տվել՝ չնայած դեռ մի երկու օր առաջ հայտարարել էր, թե այդ ասուլիսները «չարժեն իր ժամանակն ու ջանքերը»։

Թրամփը հայտարարել է, թե ամերիկյան իշխանություններին հաջողվում է կասեցնել Covid-19-ի տարածումը, նա տարեվերջին «տնտեսության աննախադեպ վերականգնում» է կանխատեսել։ Հիշեցնենք, որ նոյեմբերին կայանալու են նախագահական ընտրություններ, և թե արդյո՞ք Թրամփի կանխատեսումները կիրականանան՝ հայտնի կդառնա միայն հունվարի վերջին։

Իր ելույթում Թրամփը կրկին մեղադրել է Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածումը չկանխելու համար, և ասել է, որ ԱՄՆ-ում ինչ-որ հետաքննություն է տարվում չինական իշխանությունների գործողությունների վերաբերյալ։

Թրամփը նաև հայտարարել է, թե իրեն հայտնի է՝ ինչ է կատարվում Կիմ Չեն Ինի հետ, բայց նա դա ոչ մեկին չի ասի։

«Ես չեմ կարող ձեզ հստակ ասել։ Այո, ես լավ եմ պատկերացնում՝ ինչ է կատարվում նրա հետ, բայց չեմ կարող դա հիմա ասել։ Ես ընդամենը բարիք եմ մաղթում նրան։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ինի հետ։ Եթե ես չլինեի նախագահը, դուք հիմա պատերազմի մեջ կլինեիք․․․ Հույս ունեմ, որ նա լավ է։ Ես գիտեմ, թե նա ինչպես է իրեն զգում։ Տեսնենք։ Դուք, հնարավոր է, շուտով կիմանաք»,- խորիմաստորեն ասել է ԱՄՆ նախագահը։

Այն հարցին, թե չի՞ մտածում ընտրությունները հետաձգելու մասին, Թրամփը կտրական պատասխան է տվել․ «Նույնիսկ մտքովս չի անցել ընտրությունների ամսաթիվը փոխել։ Ինչո՞ւ պիտի նման բան անեմ»։

Փոխանցում է BBC-ն։