28.04.2020 16:04

Թրամփը խոստանում է փոխհատուցում պահանջել Չինաստանից

Թրամփը խոստանում է փոխհատուցում պահանջել Չինաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է Չինաստանին կորոնավիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու համար և չի բացառել  հասցված վնասի դիմաց միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելու հնարավորությունը։

Այդ հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը երկու օր դադարից հետո վերականգնված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այնքան էլ գոհ չենք Չինաստանից։ Մենք դժգոհ ենք այս ամբողջ իրավիճակից, քանի որ կարծում ենք՝ համաճարակը կարելի էր կասեցնել իր օջախում։ Այն կարելի էր դադարեցնել, և դա չէր տարածվի ամբողջ աշխարհում»,- մասնավորապես՝ նշել է ԱՄՆ նախագահը։

Հանգստյան օրերի ասուլիսային դադարը մեկնաբանները բացատրում են անցած հինգշաբթի Թրամփի արած հայտարարության անբարենպաստ տպավորությունը հարթելու անհրաժեշտությամբ, երբ ԱՄՆ նախագահը առաջարկել էր Covid-19-ից բուժվելու նպատակով ախտահանող միջոցներ ներարկել (հետո նա ասել էր, որ կատակ է արել)։

Փոխանցում է euronews-ը։