25.09.2012 19:36

Ռուսաստանում և Ուգանդայում ընտրությունների վիճակը ողբերգական է: Հայաստանի մասին գիտնականները մոռացել են

Ռուսաստանում և Ուգանդայում ընտրությունների վիճակը ողբերգական է: Հայաստանի մասին գիտնականները մոռացել են

Ավստրիացի գիտնականները՝ կիրառելով նոր վիճակագրական մոդել պարզել են, որ Ռուսաստանում 2012թ. մարտ ամսին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, հավանաբար, տարբեր տեսակի խարդախություններ են կիրառվել,  մասնավորապես՝ լցոնում և «կարուսել», այս մասին գրում է newsru.com-ը:

Proceedings of the National Academy of Sciences  պարբերականում հրապարակված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Ռուսաստանում արդար ընտրությունների անցկացման հարցը նույնքան ողբերգական է, ինչքան Ուգանդայում:

Ըստ գիտնականների առաջ քաշած հիպոթեզի՝ բացահայտ կեղծիքների մասին վկայում է աննախադեպ բարձր հաճախելիությունն այն դեպքում, երբ ընտրողների գերակշիռ մասը քվեարկում է միևնույն թեկնածուի օգտին: 

Հիպոթեզն ապացուցելու նպատակով ուսումնասիրվել են 11 երկրներում անցկացված ընտրությունները: Պարզվել է, որ, օրինակ՝ Ֆինլանդիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում  հաճախելիությունը մեծ մասամբ համաչափ է եղել, իսկ հաղթանակ տարած թեկնածուները մոտավորապես հավասար քվեներ են ստացել:

Հետազոտողներն ընդգծում են, որ ստացված թվերը միշտ չէ, որ վկայում են կեղծիքների մասին, սակայն նման իրավիճակում այն պնդումը, թե քվեարկության արդյունքները լիովին արտահայտում են ընտրողների կամքը, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ընտրությունները ուսումնասիրության մաս չեն կազմել: