29.04.2020 16:09

ԱՄՆ-ի 40 նահանգներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ կարանտինի

ԱՄՆ-ի 40 նահանգներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ կարանտինի

Անցած հանգստյան օրերին հազարավոր ամերիկացիներ փողոց են դուրս եկել՝ բողոքելու ընդդեմ իշխանությունների սահմանած կարանտինային միջոցառումների։

Առաջին նմանատիպ ցույցերը տեղի են ունեցել դեռ ապրիլի կեսերին՝ տարբեր նահանգներում փողոց դուրս բերելով մի քանի հարյուրից մինչև երկու-երեք հազար մարդու։

Այս անգամ ցուցարարները փողոց են դուրս եկել Քենթուքիում, Վաշինգտոնում, Վիրջինիայում, Մինեսոթայում, Օրեգոնում, Այդահոյում, Փենսիլվանիայում, Մերիլենդում , Իլինոյսում։

Բողոքի մասնակիցները ցուցապաստառներ են ունեցել՝ տարբեր մակագրություններով․ «Չկա ազատություն՝ չկա կյանք։ Բացե՛ք Կալիֆոռնիան», «Իմ մարմինն է՝ իմ ռիսկը, իմ ընտրությունը», «Դուք չե՛ք խլի մեր ազատությունը», «Ինձ կամ ազատություն տուր, կամ էլ Covid-19-ը»։

Առանց բացառության՝ բոլոր ակցիաների առանձնահատոկությունն են եղել կարմիր «բեյսբոլկաները»՝ Թրամփի նախընտրական՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» կարգախոսով։ Բացի այդ՝ ցուցարարների գերակշիռ մասը սպիտակամորթ ամերիկացիներ են եղել ։ Ընդ որում՝ տարբեր նահանգներում ցույցերի կազմակերպիչները պնդել են, որ իրենց ետևում ոչ ոք կանգնած չի, և այդ ամենն ընդամենը «տարերային բողոք» է իշխանությունների կոշտ արգելքների դեմ։

Փոխանցում է BBC-ն։