29.04.2020 21:34

Հայաստանակենտրոնությունը պիտի հաղթի

Հայաստանակենտրոնությունը պիտի հաղթի

Նախորդ իշխանությունները քարոզչական դաշտում միշտ էլ ագրեսիվ են եղել: Հեղափոխությունից հետո, կարճ ժամանակ անց հասկանալով, որ իրենց օրենքի ուժը չի «հարվածում», կոտրեցին լռությունն ու դարձան ագրեսիվ, որը հետզհետե աճեց` թեժ աշնան սպառնալիքի հասնելով, մինչեւ որ պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Վանեցյանը:

Որոշ ժամանակ թեթեւ հետքայլից հետո նախորդները նորից սկսեցին քարոզչական հարձակումները: Բայց այն, ինչ կատարվում է հեղափոխությունից հետո վերջին շրջանում, իրապես աննախադեպ է։

Քաղաքական հակառակորդներն անցել են բաց կռվի, արդեն խտրականություն չեն դնում ոչ քարոզչական թեմաների, ոչ մանիպուլյացիաների, ոչ՝ այլ հարցերում:

Մոտեցել են ռուբիկոնին: Հատել են անդառնալիության կետը. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, սոցիալական խնդիրներ, կորոնավիրուս, կարանտին, բանակ, ոստիկանություն, եկեղեցի, ազգային արժեքներ, ապօրինի հարստացման մասին օրենք, ՍԴ... բոլոր թեմաները հանել են կռվի դաշտ:

Բայց որ իրենք դա անում են ու պիտի անեն, տրամաբանական ու սպասելի էր:

Չեն կարող չանել, իրենց ամեն կոպեկի համար կռիվ են տալիս: Եւ՝ իրենց տերերի:

Ուստի պիտի թեմաներ գտնեն, որ շահարկեն: Չլինի՝ կստեղծեն, կսադրեն:

Բայց կանեն անդադար, կանեն այնքան, որ փորձեն մաշեցնել ու արժեզրկել ժողովրդավարությունն ու իշխանության լեգիտիմ լինելու կարեւորությունը:

Այդ պատճառով էլ ասում են բացահայտ` էս չի՞ ձեր ժողովրդավարությունը, ինչ ուզենք՝ կանենք:

Հարցն այլ տեղ է: Հարցն այն է, որ իշխանությունը պարտավոր է, ժողովրդավարությունը պահելով, ռացիոնալ օգտագործել հակազդեցության օրինական մեխանիզմները: Եւ բոլոր քայլերն անի հաշվարկված` բոլոր իրավիճակների համար ունենալով ոչ միայն Ա, այլեւ Բ, Գ, Դ եւ անգամ Ֆ պլանները:

Իշխանությունը չպիտի իրադարձությունների հետեւից գնա եւ հերքող-արդարացողի դերում լինի:

Պարտավոր է կանխող-կանխարգելողի դերում լինել:

Թե չէ ամբողջ մամուլը եւ սոցիալական հարթակները լցված են այլ պետությունների շահերը սպասարկողների կռիվներով, որոնք երբեմն օրակարգ են թելադրում` ստիպելով մտնել իրենց այդ օրակարգերի ու կռիվների մեջ:

Այնինչ, գլխավորը պիտի հայաստանակենտրոնությունը լինի, եւ իշխանությունը պիտի այնպես անի, որ քաղաքական օրակարգերը որեւէ պարագայում չթելադրեն մարդիկ, որոնք սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ` ուրիշ պետությունների քաղաքական օրակարգերն ու շահերը:

Կապ չունի` ուրիշ ո՛ր երկրների:

Կարեւորը Հայաստանի շահն է, Հայաստանի պետականությունն ու հայաստանակենտրոնությունը:

 

Արսեն Օհանյան