30.04.2020 18:26

Ասեկոսեները պիտի պարզաբանվեն

Ասեկոսեները պիտի պարզաբանվեն

Կորոնավիրուսի այս օրերին ինչ դավադրապաշտական տեսություններ, կեղծիքներ, խեղաթյուրված տեղեկություններ եւ մանիպուլյացիաներ ասես, որ չտեսանք:

Ամեն մեկը, որ ի սկզբանե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շահարկելու նպատակ ուներ, թեման շահարկեց՝ ինչպես որ կարող էր: Չխորշեցին անգամ Ադրբեջանի ներկայացրած պաշտոնական թվերի հետ համեմատություններ անելուց` հօգուտ դրկից այդ երկրի իշխանության ներկայացրած թվերի եւ դրանց հավատալուն:

Բայց նախորդ իշխանությունների հարակից շրջանակների կողմից շրջանառվող ամենատարօրինակ տեղեկատվական մանիպուլյացիան գրանցվել է հաստատված դեպքերի եւ մահացության թվերի հետ կապված:

 

Աբսուրդն այն է, որ միեւնույն շրջանակները, մի կողմից՝ տարածում են, թե վարակվածների թիվն ավելի մեծ է, բայց քիչ  են թեստավորում, որպեսզի մեծ թվեր չլինեն, թե առողջապահական համակարգը չի վերահսկում իրավիճակը, ու դեպքերն ավելի շատ են, եւ, միաժամանակ, նույն այդ շրջանակները լուրեր են տարածում, թե մարդկանց գումար են առաջարկում, որպեսզի, իբր, այլ պատճառներով մահացած նրանց հարազատներին գրանցեն որպես կորոնավիրուսից մահացած:  

Սա հանցագործության մասին հաղորդում է իրականում, եւ նման լուրերը «ասում են, թե...»-ով չպիտի սահմանափակվեն։ Իրավապահները պիտի դրանք ընդունեն ի գիտություն ու քննեն այդ հայտարարությունները, որպեսզի կամ իրապես գտնեն նման թեկուզ մեկ անձի, ում նման առաջարկ է արվել, եւ այն անձին, ով արել է այդ առաջարկը, եւ կամ վերջապես հաստատվի, որ նման լուրերը միտումնավոր են շրջանառվում:

Բայց հարցին այլ կողմից նայենք: Եթե որեւէ իշխանություն խնդիր ունի ապացուցելու հանրությանը, որ վերահսկում է կամ հնարավորինս վերահսկում է իրավիճակը, ապա տրամաբանությունը հուշում է, որ թվային մանիպուլյացիա անելու դեպքում դրանք պիտի ոչ թե ավելացնի, այլ` նվազեցնի, թաքցնի իրական պատկերը, որ հանրության մեջ դժգոհություն չառաջանա ավելի մեծ թվերից:

Հարեւան երկրներում դժգոհություններ են հնչում, որ իշխանությունները դեպքեր են թաքցնում կամ ամբողջական թվեր չեն ներկայացնում, իսկ հայաստանյան որոշ շրջանականեր տարածում են, թե մահացածների թվերը ուռճացվում են` ԱՀԿ-ից գրանտներ ստանալու նպատակով: Փաստորեն, այդ մարդկանց տրամաբանությամբ ստացվում է, որ ոլորտի ղեկավարությունը դժգոհ է իր աշխատանքի հանդեպ նախորդների եւ նրանց հարակից շրջանակների կողմից առկա դժգոհությունների չափից եւ թվերը հատուկ ավելացնում է, որ նրանց խոսելու տեղ թողնի:

Ուշագրավ տրամաբանություն է, ինչ խոսք:

Ամեն դեպքում, թեեւ լուրերը տարածվում են ասեկոսեների մակարդակով, բայց երբեմն՝ նաեւ ոչ անհայտ անձանց կամ ֆեյքերի կողմից, ապա իրավապահները պարտավոր են վերջ դնել այս խոսակցություններին եւ հստակություն մտցնել այնպես, որպեսզի ամբողջ հանրությունն իմանա, թե դրանք ինչ տեղեկություններ են եւ որտեղից են գալիս:

 

Արսեն Օհանյան