04.05.2020 14:01

Օրենքի տառին համապատասխան

Օրենքի տառին համապատասխան

Եւ ուրեմն, Հայաստանում կորոնավիրուսի օրերին քաղաքական կյանքը նոր թափ է ստանում: Նախորդ իշխանության ներկայացուցիչները, փաստորեն, համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել, եւ բացահայտ խաղի մեջ է մտել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Ուշագրավ է, որ 2018-ի հեղափախությունից կարճ ժամանակ անց արդեն նախորդները, լռել-չերեւալու փոխարեն, արդեն ռեւանշի նկրտումներ էին ցուցադրում: Բայց դատելով նրանց հայտարարությունների բովանդակությունից, նրանց պարագայում թիվ մեկ խնդիրն այն էր, թե առանձին խաղացողներից ում դրոշի ներքո պիտի իրենք միավորվեն ու մոբիլիզացվեն:

Ակնհատ երեւում էր, որ Ռոբերտ Քոչարյանին հարող թեւը փորձում էր խաղից հեռու պահել ՀՀԿ-ականներին, վերջիններս էլ հայտարարում էին, թե առանց իրենց բան դուրս չի գա, բայց նաեւ իրենք շագանակներ չեն հանի կրակից, հետո արդյունքը հանձնեն ուրիշներին: ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի հրաժարականից հետո տպավորություն ստեղծվեց, որ նա է փորձում նախորդներին միավորել իր դրոշի ներքո: Նախորդներն էլ կարծես դեմ չէին երեւում, որովհետեւ անկախ այն հանգամանքից, թե ինչ նյութերի հեղեղ շաղ կտան տարբեր ԶԼՄ-ներով, իրենք բոլորից լավ գիտեն, թե ինչպես են մարդիկ իրենց վերաբերվում, ուստի եւ ընտրել են ուրիշի դեմքով/դեմքերով ռեւանշի գաղափարը:

Եւ ահա, նախօրեին էլ, փաստորեն, խաղի մեջ մտավ անձամբ Մինասյանը` Հռոմի խոհանոցներից մեկից տեսանյութ հրապարակելով եւ իրավապահներին սպառնալով, որ հաշվեհարդար են տեսնելու իրենց դեմ քրեական գործեր հարուցողների հետ:

Ի դեպ, տեսանյութը ամբողջությամբ ոչնչացրեց Մինասյանի վերաբերյալ տարբեր քարոզչամիջոցերով տարիներով հյուսված միֆը. պարզվեց, Մինասյանը (որ աներոջ կառավարման ժամանակ, ըստ էության, ղեկավարում էր երկրի գրեթե ամբողջ մեդիակայսրությունը, խելացի, բայց ստվերային քաղաքական գործի համբավ էր տարածել իր մասին, ապա նաեւ դեսպան էր նշանակվել) սովորական քաղաքական տեքստեր անգամ չի կարողանում կառուցել եւ, առավելեւս` արտաբերել: Մի եթերով ընդամենը նա ջուրը գցեց իր համար տարիներով ջանք թափած մարդկանց աշխատանքը:

Ինչեւէ:

Այսինքն, ինչպես տեսնում ենք, նախորդները, կորոնավիրուսի համավարակի այս ծանր իրավիճակից օգտվելով` համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել, եւ իրենց հույսը, փաստորեն, այն է, թե քանի որ վիրուսի պատճառով տնտեսական վիճակը անխուսափելիորեն բարդացել եւ գնալով ավելի է բարդանալու, ապա պետք է օգտվել հարմար առիթից եւ մարդկանց ծանր վիճակից:

Ու ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այստեղ անելիքը ինչպես որ իշխանությանն է եղել, այսօր էլ իշխանությանն է: Ինչքան էլ որ հանրությունը արդարացիորեն ջղայնանա, նյարդայնանա, զարմանա նախորդ իշխանոթյունների եւ նրանց հարակից անձանց հանդգնությունից, միեւնույն է` գործելու ամբողջ գործիքակազմը իշխանության ձեռքում է, որը նա ստացել է որեւէ քաղաքական ուժի կողմից չբողոքարկված ու չվիճարկված ԱԺ ընտրությունների միջոցով:

Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում;

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեզ «բացատրում են», թե ինչի են նախորդները այս կամ այն քայլն անում:

Ժողովրդին բացատրություններ պետք չեն, թե նախկինները ինչ են անում, կամ` ինչու են անում: Մարդիկ դա բոլորից լավ գիտեն:

Ժողովրդին գործողություններ են պետք. իրավական, հստակ, ազդեցիկ, օրենքի տառին համաատասխան եւ օրենքի ողջ խստությամբ:

 

Արսեն Օհանյան