05.05.2020 14:25

Լիզա Ճաղարյան. Փոխել ոտքից գլուխ

Լիզա Ճաղարյան. Փոխել ոտքից գլուխ

Նորից սկսեմ սկզբից։

Հեղափոխական ճանապարհով նախկինների ծանր եւ ստորացուցիչ լծից ազատագրվելուց հետո, բազմաթիվ արմատական փոփոխությունների ակնկալիքներ ունեցող Հայաստանի քաղաքացիներն անհամբեր սպասում էին, որ այդ փոփոխությունների ենթարկվողներից առաջինների շարքում պետք է լինի Հանրային հեռուստաընկերությունը։

Ինչու՞։

Չեմ հոգնել, կրկնեմ. որովհետեւ սա միակ հեռուստաընկերությունն է, որ ապրում է ոչ թե Քոչարյան Ռոբերտի, ոչ թե Սարգսյան Սերժիկի փեսայի, ոչ թե Ծառուկյան Գագիկի, ոչ թե ՀՅԴ-ի կամ մեկ այլ կուսակցության կամ անհատի գրպանի հաշվին, այլ ուղղակիորեն՝ Հայաստանի քաղաքացիների գրպանից գոյացած պետական հարկերի հաշվին։ Եվ քանի որ այս Հ1 կոչեցյալը երկար տարիներ մեր գրպանից սնվելով՝ ստրկամտորեն ծառայել էր միմիայն նախկին իշխանությանը, իսկ նախկիններին ծառայելը նշանակում էր՝ խաբել ՀՀ քաղաքացիներին, եւ շատ հաճախ՝ լկտիաբար խաբել, նշանակում էր՝ անամոթաբար կեղծել մեր պատմությունը, նշանակում էր՝ իրական փաստերը խեղաթյուրել անգթորեն, նշանակում էր՝ թաքցնել նախկինների կատարած հանցագործությունները, սրանց ներկայացնել որպես լուսապսակով փրկիչներ, իսկ այդ հանցագործների դեմ պայքարող հանրությանը՝ որպես «բոմժեր», «թափթփուկներ» ու «անհաջողակներ», բնականաբար՝ այս նույն արհամարհված ու խաբված հանրությունը, որ հեղափոխությունից հետո հայտարարվել էր «հպարտ քաղաքացի», անհամբեր սպասում էր կտրուկ եւ անհապաղ փոփոխությունների։ Շատ պարզ պատճառով։ Որովհետեւ ճշմարտության կարոտ հասարակությունը, որին հեղափոխության առաջնորդները հավատացրել էին, թե այսուհետ հենց ինքն է լինելու երկրի տերը, հիանալի գիտակցում էր, որ ստին ու կեղծիքին պարտադրաբար կամ հաճույքով տրվածները չեն կարող կախարդական փայտիկի զորությամբ փոխվել ու սկսել ճշմարտություն բարբառել։ Եվ եթե նույնիսկ շատ ուժեղ իշխանությունը հիմա էլ ստիպի նրանց միմիայն ճշմարտություն մատուցել հանրությանը, միեւնույն է՝ այդ հասարակությունը երբեք չի մոռանալու, որ սրանք այն նույն մարդիկ են, որ ժամանակին նույն կամակատարությամբ սուտ ու կեղծիք էին տարածում, եւ սրանց շուրթերից հնչած ճշմարտությունն այդ նույն հանրության դեմքին նետված հեգնանք էր թվալու։

Դե ո՜չ, այս իշխանությունը ոչինչ չի պարտադրում լրատվամիջոցներին, Հ1-ին՝ նույնպես։ Ճիշտ է անում։ Եվ եթե չի պարտադրում, պարզ է, չէ՞, որ հեղափոխությունից հետո պետք է այս հեռուստաընկերությունում առնվազն լրատվություն ապահովողները, առնվազն օրվա քաղաքականություն ձեւավորողները ոտքից գլուխ փոխվեին, եւ առանց պարտադրանքի աշխատողները լինեին նոր դեմքեր, այնպիսիք, որ նախկինների բութ գործիք ձայնափողը չէին եղել։  

Որովհետեւ եթե այս մարդիկ պարտադրաբար էին ծառայում հանցագործ իշխանություններին, ուրեմն հանուն լավ վարձատրության եւ ապահով կյանքի՝ սրանք պատրաստ էին դեմ գնալ իրենց մասնագիտական խղճին, եւ եթե հիմա նոր իշխանությունը սրանց ոչինչ չի պարտադրում, իրենք հայացքները դեսուդեն են հառելու, որ «ստվերային» լավ վարձատրող ու լավ պարտադրող գտնեն։ Իսկ եթե նախկիններին ծառայում էին հաճույքով ու նվիրումով, ուրեմն իրենք էլ էին հանցագործության մասնակից, ավելին՝ անհուն սիրով էին լցված նախկինների նկատմամբ, հակառակ դեպքում՝ ստախոսի անպատվաբեր բեռն այդքան ամբարտավանորեն չէին առնի իրենց ուսերին, եւ եթե նախկինների նվիրյալներն են, ուրեմն առիթը բաց չեն թողնելու եւ պարբերաբար թիկունքից խփելու են իրենց առատաձեռն տերերին իշխանությունից զրկողներին։

Ինչն էլ հաջողությամբ անում էին, անում են եւ շարունակելու են նույն ոգով։

Վկան՝ երեկվա խայտառակությունը. Հայաստանի վարչապետը հայտնվել էր «վազող տողում»։

Եվ եթե այս իշխանությունը շարունակի «թավիշ» խաղացնել, այդ արդեն անտանելի դարձած «պլյուշից» մինչեւ կոկորդը զզված ու հոգնած հանրության քթի տակ, ապա վաղը կամ մյուս օրն այդ նույն վարչապետը «վազող տողից» էլ է դուրս մղվելու՝ դրանից բխող տխուր հետեւանքներով։

Առողջ եղեք։

Ո՛չ միայն ֆիզիկապես։