05.05.2020 15:29

Արդյո՞ք Չինաստանը թաքցրել է ճշմարտությունը կորոնավիրուսի մասին

Արդյո՞ք Չինաստանը թաքցրել է ճշմարտությունը կորոնավիրուսի մասին

Անգլիալեզու հինգ երկրներ համատեղ զեկույց են հրապարակել, որում հայտարարում են, թե Չինաստանը միտումնավոր կերպով թաքցրել ու ոչնչացրել է նոր կորոնավիրուսի մասին կարևորագույն տվյալներ։

Այդ մասին տեղեկացրել է ավստրալական Sunday Telegraph թերթը, որը պնդում է, որ ձեռքի տակ ունի զեկույցի պատճենը։

Այդ լուրի պաշտոնական հաստատումն առայժմ չկա, սակայն ավստրալական թերթի հրապարակումը, այնուամենայնիվ, հերթական համազարկն է դարձել տեղեկատվական պատերազմում, որը ծավալվել է Արևմուտքի և Չինաստանի միջև։

Sunday Telegraph-ի տեղեկատվության համաձայն՝ «Հինգ աչք» (Fivе Eye) հետախուզական դաշինքը՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզությունների միավորումը, 15 էջանոց զեկույցում նշում է, որ չինական իշխանությունները վտանգի են ենթարկել բոլոր երկրներին՝ գիտակցաբար թաքցնելով կորոնավիրուսի մասին տեղեկությունները։ Զեկույցում նշվում է, որ Չինաստանի իշխանությունները ստիպել են լռել այն բժիշկներին, ովքեր փորձել են աշխարհին տեղեկացնել վիրուսի սպառնալիքի մասին, ոչնչացրել են լաբորատոր հետազոտությունների հետքերը և հրաժարվել են նմուշներ տրամադրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող արտասահմանցի գիտնականներին։

ԱՄՆ նախագահը և պետքարտուղարն արդեն Չինաստանին մեղադրել են նրա համար, որ կորոնավիրուսն ստեղծվել է Ուհանի վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայում։ Սակայն «Հինգ աչքի» զեկույցում դրա վերաբերյալ ուղղակի մեղադրանքներ չկան, այնտեղ ընդամենը թվարկվում են որոշ կասկածելի հանգամանքներ, որոնք ստուգման կարիք են զգում։

Պաշտոնական Չինաստանը վճռականորեն հերքում է թե՛ տեղեկատվությունը թաքցնելու և թե՛ կորոնավիրուսի ստեղծման վերաբերյալ բոլոր մեղադրանքները։

Փոխանցում է BBC-ն։