06.05.2020 09:30

Ազգերի գավաթ․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց չինացի Յի Վեյի հետ

Ազգերի գավաթ․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց չինացի Յի Վեյի հետ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում մրցեց չինացի Յի Վեյի հետ եւ սեւերով բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Եվրոպայի հավաքականը Չինաստանի թիմին պարտվեց 1։3 հաշվով։ Ոչ ոքի ավարտվեց նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Դին Լիրենի պարտիան։ Հոլանդացի Անիշ Գիրին եւ վրացի Նանա Ձագնիձեն պարտվեցին չինացի մրցակիցներին։ 

Երկրորդ տուրում մնացյալ աշխարհի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթեց Հնդաստանի հավաքականին։ Ռուսաստանի հավաքականը 1։3 հաշվով պարտվեց ամերիկացիներին։

Առաջին տուրում Եվրոպայի հավաքականը 2։2 հաշվով էր խաղացել ռուսների հետ։ Լեւոն Արոնյանը պարտվել էր Վլադիսլավ Արտեմյեւին։ Չինաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթել էր մնացյալ աշխարհի թիմին։ Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

Մայիսի 5-9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։

Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։