06.05.2020 17:51

Հանդգնության մեխանիկան

Հանդգնության մեխանիկան

2018-ի ապրիլից հետո, դեռեւս վախվորած հեռացած իշխանությունները զուսպ էին: Ժամանակ անց՝ սկսեցին հերթով խախտել լռությունը, եւ ներողամտություն հայցելու, սխալներն ընդունելու փոխարեն՝ փորձեցին արդարանալ, պատմել մեզ, թե իրենք ինչքան լավ իշխանություն էին իրականում, եւ որ հենց իրենք էին ամենահայրենասեր իշխանությունը, եւ մենք, փաստորեն` անշնորհակալ քաղաքացիներս, դա չէինք հասկացել եւ, հավատալով իրենց մասին տարածված «միֆերին», մերժեցինք իրենց:

Ամենաուշագրավը, սակայն, այն էր, թե ինչպես էին իրենք բնորոշում տեղի ունեցածը. նրանք պնդում էին, թե կատարվածը ոչ թե հեղափոխություն էր դասական իմաստով, այլ` իշխանափոխություն:

Անցավ որոշ ժամանակ, նրանց բառապաշարը կոշտացավ, եւ սկսեցին արդեն ավելի հանդուգն հայտարարել, թե տեղի ունեցածը ոչ թե հեղափոխւթյուն էր, ոչ թե իշխանափոխություն էր, այլ՝ հեղաշրջում էր:

Եւ սկսեցին տարածել նաեւ նույն մեսիջը` «փողոցից եկած իշխանություն»:

Նպատակը պարզ է, որ այդ քարոզչական թոհուբոհում ամեն գնով մոռացության մատնվի 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունը, որի արդյունքում էլ փաստացի այսօրվա իշխանությունը ստացել է քվեների մեծամասնությունը եւ հասել իշխանության:

Ընդ որում, փորձ է արվում մոռացության մատնել այդ ընտրությունները նաեւ այն համատեքստում, որ դրանք մասնակից ուժերից որեւէ մեկը չի վիճարկել, եւ անգամ խորհրդարան չանցածներն ուզած-չուզած խոստովանում էին, որ դրանք ազատ եւ թափանցիկ ընտրություններ էին:

Նրանց ամբողջ նպատակը մեր աչքի առաջ եւ մեր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները նոր` իրենց համար ձեռնտու լույսի ներքո ներկայացնելն է:

Բայց այս հանդգնության մեխանիկան ակնհայտ պատճառ ունի:

Նախորդները տեսան, որ այս երկու տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ չեն արվել առանձին կարեւոր ոլորտներում, եւ սա նախորդներն ընկալեցին որպես վերադասավորվելու եւ վերադիրքավորվելու լավ հնարավորություն, եւ արդյունքում՝ սկսեցին դեռ մի բան էլ «մուննաթ գալ»: Նրանք այդ վերադասավորման ընթացքում բացահայտ գործի դրեցին նաեւ իշխանության մեջ մնացած, իշխանության ներսում եղած իրենց մարդկանց` սաբոտաժ անող պաշտոնյաներին (որոնց գոյության մասին, ի դեպ, նաեւ իշխանություններն են պարբերաբար խոսում), եւ համատեղ ուժերով փորձում են երկրում ստեղծել իրենց համար նախընտրելի եւ հոգեհարազատ անվերահսկելիության եւ քաոսի մթնոլորտ: Հենց այդ համակարգային փոփոխությունների բացակայությունն էլ, համակարգայինի փոխարեն` մանր փոխատեղումների արդյունքում է, որ նախորդներն այսպիսի հանդգնություն են դրսեւորում:

Եւ հետեւաբար, իշխանությունները պիտի, տեղային լուծումների փոխարեն, ավելի ամբողջական, կտրուկ, համակարգային, հեռահար փոփոխությունների գնան, որոնց պարագայում՝ անգամ ամենամեծ ցանկության եւ ջանքերի դեպքում, նախորդները չեն կարողանա ազդել երկրի քաղաքական զարգացումների վրա եւ ռեւանշի ձգտումով խանգարել բարեփոխումներին:

Արսեն Օհանյան