07.05.2020 14:25

Երջանիկ Ավետիքի Աբգարյան

Երջանիկ Ավետիքի Աբգարյան

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո, 80-ամյա հասակում մահացել է հայտնի քաղաքական եւ պետական գործիչ, գիտնական, ազատամարտիկ Երջանիկ Աբգարյանը։

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940թ. փետրվարի 8-ին, Աշտարակի շրջանի Արգել գյուղում։ Հայրը՝ Ավետիք Աբգարյանը զոհվել է Հայրենական պատերազմում՝ 1943թ. «Մալայա Զեմլյայում»։ 1958-1963թթ. որպես փականագործ աշխատել է Երեւանի կաբելի եւ սարքաշինության գործարաններում։1963-1968թթ. սովորել  եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտական բաժինը։ 1968-1970թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Ղրղզստանում տեղակայված ռազմական օդային բազայում որպես արաբերենի ռազմական թարգմանիչ։ 1970-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Այդ ընթացքում, 1971-1972թթ. աշխատել է նաեւ Հարավային Եմենի Ադեն մայրաքաղաքում որպես խորհրդային ընկերություններից մեկի տնտեսական թարգմանիչ։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ եւ երկու մենագրություն։ Մենագրություններից մեկը նվիրված է Եգիպտոսի 50-ական թվականների հողային ռեֆորմին, մյուսը՝ «Մուսուլման եղբայրների» Շարժմանն ու գաղափարախոսությանը։

Երջանիկ Աբգարյանը եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում։ Դեռ 1987թ. Լեռնային Ղարաբաղի հարցով ծավալված ընդհանուր ստորագրահավաքի կազմակերպիչներից ու իրականացնողներից էր։ 1988թ.Շարժման սկզբից ղեկավարում էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի «Ղարաբաղ» ենթակոմիտեն, ապա համակարգում էր ԳԱ գիտական ինստիտուտների «Ղարաբաղ» ենթակոմիտեների աշխատանքը։ 1988թ. հոկտեմբերից Դավիթ Շահնազարյանի, Ավետիք Իշխանյանի, Արշակ Սադոյանի, Ալբերտ Բաղդասարյանի, Սմբատ Հակոբյանի հետ միասին ընդգրկվել է գաղտնի «Ղարաբաղ» կոմիտեի կազմում։ Գաղտնի այս կոմիտեն հաջողությամբ ղեկավարեց Ղարաբաղյան շարժումը մինչեւ 1989թ. մայիս՝ հիմնական «Ղարաբաղ» կոմիտեի կալանքի տակ գտնված 6 ամիսների ընթացքում։

1990-1995թթ. Երջանիկ Աբգարյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի եւ 1995-1999թթ. Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1991թթ. եղել է Գետաշենի ենթաշրջանի եւ Շահումյանի շրջանի ՀՀՇ ջոկատների գործողությունների համակարգող։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնավորապես, Էրքեջ եւ Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։ 1992-1997թթ. աշխատել է ՀՀ Մաքսային վարչության պետ։ Ստեղծել է անկախ Հայաստանի մաքսային համակարգը, հեղինակել հանրապետության մաքսային օրենսդրությունը: Մշտապես եղել է Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ), ապա Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ։ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հ/կ-ի հիմնադիր անդամներից է։

Իր քաղաքական-վերլուծական, հրապարակախոսական հարյուրավոր հոդվածներով մինչեւ իր կյանքի վերջը եղել է Հայաստանի քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը։

Հայ Ազգային Կոնգրեսը եւ «iLur.am» խմբագրությունը խորապես ցավակցում են Երջանիկ Աբգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին։ 

Երջանիկ Աբգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` մայիսի 8-ին, ժամը 18-ին` «Սան Լազարո» սգո սրահում: 

Հուղարկավորությունը մայիսի 9-ին. ժամը 14:00-ին` նույն տեղից: