07.05.2020 16:51

«Ընտրություններն» ըստ նախորդների

«Ընտրություններն» ըստ նախորդների

Տարիներ առաջ, երբ ընդդիմությունը պայքարում էր նախորդ իշխանությունների դեմ, երբ հրապարակներում տասնյակ հազարանոց ցույցեր էին ընթանում` հրաժարականների պահանջով, նախորդները սիրում էին կրկնել, թե քաղաքական կյանքում ազդեցություն ունենալու համար կան ընտրություններ, թող ընդդիմադիրները մասնակցեն ընտրություններին, եւ եթե դրանց արդյունքում ստանան քվե, թող կառավարեն երկիրը:

«Ընտրություններով, եւ միայն ընտրություններով»՝ սա էր նրանց կարգախոսը:

Այսօր իրենց ընդդիմություն հռչակած նախորդները, սակայն, թեեւ նախկին ընդդիմադիրների պես իրենց թիկունքում տասնյակ-հարյուր հազարավոր մարդիկ չունեն, ամեն օր արթնանում են եւ հայտարարում, թե այս իշխանությունները պետք է հեռանան հիմա, պիտի հրաժարական տան, երբեմն էլ՝ թե իրենք են հեղափոխություն անելու: Այսինքն՝ ոչ մի խոսք հաջորդ ընտրրությունների մասին, նրանց ուզածը փոփոխություններն են մինչեւ ընտրությունները,եւ ո՛չ ընտրություններով:

Իսկ ո՞րն է պատճառը, որ նախկինում միայն ընտրությունների միջոցով քաղաքականություն մտնելու կոչ անողներն այսօր ամեն բան հակառակն են անում: Պատճառ ասելով` նկատի ունենք իրական պատճառը, եւ ոչ թե այն պատճառաբանություն կոչվող տեքստերի հեղեղը, որով նրանք լցնում են լրատվական դաշտը, թե «երկիրը կործանվում է, մեր արժեքները կործանում են, եւ մենք պիտի գանք ձեզ փրկենք»:

Իսկ պատճառը ավելի քան տրիվիալ է. այդ մարդկանց նպատակը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում երբեք էլ ընտրությունները չեն եղել. ընտրություն` դրա օրինական ու իրական իմաստով` ազատ, արդար, թափանցիկ:

Պարզապես նախկինում, երբ նրանք խոսում էին ընտրություններից եւ դրա կարեւորությունից, նրանք նկատի ունեին այն, ինչ իրենք էին իրականացնում ընտրության անվան տակ: Այնպիսի ընտրություններ, որոնց միջոցով իրենք կարող են անդադար վերարտադրվել: Այ այդպիսի ընտրություններին նրանք կողմ էին, եւ այդ իսկ պատճառով էլ երբ իշխանության էին, ամեն անգամ մատնացույց էին անում դրանք:

Իսկ այժմ ջանում են իրենց ռեւանշը իրականացնել ոչ թե ընտրություններով, այլ մինչ այդ՝ այն պարզ պատճառով, քանի որ իրենք բոլորից լավ են հասկանում, որ իրական, թափանցիկ, առանց բռնության, կեղծիքի, ընտրակաշառքի, առանց վախի մթնոլորտի ընտրության դեպքում իրենք իշխանության գալու շանս չունեն:

Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե հաջորդ ընտրություններում ներկա իշխանությունը որքան քվե կստանա: Անգամ եթե քաղաքացիները հիասթափվեն այս իշխանություններից, եւ վերջիններս շատ քիչ քվե ստանան, միեւնույն է, նախորդները գիտեն, որ դրանից իրենց քվեն չի ավելանալու: Որովհետեւ իրենցից հետո մեկ ընտրություն արդեն տեսել են, որտեղ իրենք գրեթե հնարավորություն չեն ունեցել ազդելու ընտրության եւ քվեարկության ընթացքի վրա, եւ տեսել են, թե այդ դեպքում ինչ է լինում:

Հենց այդ է պատճառը, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նախորդ իշխանությունները ավելի շատ են աղմկում եւ խոսում երկրի կործանման եւ անհապաղ իշխանափոխության անհրաժեշտության մասին:

Նրանք ոչ մի միջոցի հարցում խտրություն չեն դնում, ցանկացած միջոցով ցանկանում են նորից իշխանւթյուն ունենալ, միայն թե բանը ընտրությունների չհասնի:

Չէ՞ որ այդ դեպքում իրենք չեն կարողանալու կազմակերպել այնպիսի «մեկ քայլ առաջ» որակված ընտրություններ, ինչպիսիք որ կազմակերպել են տարիներ շարունակ:

Արսեն Օհանյան