08.05.2020 17:30

ՄԱԿ․ Կորոնավիրուսի համավարակը այլատյացության փոթորիկ է բարձրացրել աշխարհում

ՄԱԿ․ Կորոնավիրուսի համավարակը այլատյացության փոթորիկ է բարձրացրել աշխարհում

Covid-19-ի համավարակը աշխարհում ուղեկցվում է այլատյացության և նմանատիպ տրամադրությունների լրջագույն աճով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը։

«Փողոցներում և Ինտերնետում Covid-19-ի հետ կապված՝ աճել են տրամադրություններն օտարների դեմ, տարածվում են հրեատյաց դավադրության տեսություններ, հարձակումներ են եղել մուսուլմանների վրա»,- նրա խոսքն է մեջբերում Associated Press գործակալությունը։

Գութերիշի խոսքով՝ աշխարհում  նկատվում է «ատելության և այլատյացության, քավության նոխազների փնտրտուքի և վախեցնելու ցունամի»։ Նա նշում է, որ փախստականներին և միգրանտներին մեղադրում են կորոնավիրուսի տարածման մեջ, հետո էլ նրանց զրկում են բուժօգնությունից։

Գութերիշը նաև նշել է, որ պնդումներ են արվում, թե կորոնավիրուսի առջև առավել անպաշտպան տարեց մարդիկ «անպետք նյութ են», իսկ «լրագրողներին, բժիշկներին, հումանիտար ոլորտի աշխատողներին և մարդու իրավունքների պաշտպաններին թիրախավորում են միայն այն բանի համար, որ նրանք կատարում են իրենց աշխատանքը»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկա պայմաններում տարբեր ծայրահեղականներ փորձում են դիրքեր գրավել ապակողմնորոշված ու շփոթված հանրության շրջանում։ Նա ԶԼՄ-ներին և սոցցանցերին կոչ է արել հեռացնել «ռասիստական, ատելություն սերմանող և այլ վնասակար տեղեկատվությունը» և բոլոր ջանքերը գործադրել՝ միջազգային ասպարեզում «ատելության խոսքին» վերջ դնելու համար։

Փոխանցում է Interfax-ը։