09.05.2020 13:42

Աշոտ Սարգսյան. Բարի ճանապարհ, քեզ էլ պարտք մնացինք, Ջո՛

Աշոտ Սարգսյան. Բարի ճանապարհ, քեզ էլ պարտք մնացինք, Ջո՛

Երջանիկ Աբգարյանը Ղարաբաղյան շարժման առաջին շարքի, ապա Հայաստանի պետականության կայացնող քաղաքական ուժի՝ Հայոց Համազգային Շարժման ղեկավարների մեջ տարիքով ավագներից էր։ Շատերս, սակայն, չէինք զգում տարիքային այդ տարբերությունը։ Դա միայն նրա ավելի երիտասարդ թվացող արտաքինից չէր, այլ նաեւ ընդհանուր պահվածքից, անմիջականությունից ու ընկերականությունից։ Իրենից մեկ-մեկուկես տասնամյակ կրտսերներս էլ նրան մտերմաբար դիմում էինք՝ «Երջո», ավելի հաճախ՝ «Ջո»։ Ավելի կրտսերների համար նա, իհարկե, «պարոն Աբգարյան» էր։ Թե՛ Ջո-ի, թե՛ «պարոն Աբգարյանի» տակ վերաբերմունքում նույն երեք անբաժան շերտն էր. պարզ մարդկային սեր, որ թելադրվում էր նրա շիտակությամբ ու ընկերականությամբ, հարգանք՝ որ ածանցվում էր նրա իմացությունից, սկզբունքայնությունից ու նվիրվածությունից, եւ ակնածանք՝ որ թելադրում էր նրա անցած ճանապարհն ու ունեցած վաստակը։ Ինձ համար նա Ջո էր, ու անձնագրային անվան հետ միասին՝ նաեւ ավելի ընտանի այդ դիմելաձեւով կկոչեմ նրան ոչ պաշտոնական, ընկերական այս տեքստում։

Ջոն իր վաստակով ու դերակատարմամբ Ղարաբաղյան շարժման առաջնորդների, ապա նաեւ Հայաստանի պետականությունը կերտած գործիչների առաջին տասնյակում է հաստատապես։ Երբ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, կանխատեսելով իր ազատազրկվելու վտանգը, ստեղծեց Կոմիտեին փոխարինող՝ գաղտնի մի կազմ, Ջոն այդ կազմում առաջիններից մեկն էր։ Ամբողջ երկուսուկես տարին էլ հեշտ ու անվտանգ չի եղել Ղարաբաղյան շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի գործը։ Իսկ այդ դժվարությունն ու վտանգավորությունը կրկնապատկվեցին, երբ Կոմիտեի հիմնական կազմն ամբողջությամբ բանտարկվեց, եւ ԽՍՀՄ կոչվող հսկա կայսրությունն իր առաջնային խնդիրը համարեց փոքրիկ մի հանրապետության ժողովրդավարական շարժումը խեղդամահ անելը։ Ավելի քան վեց ամիս «Գաղտնի» կոմիտեն դիմակայեց այդ ճնշմանը, ղեկավարեց Շարժումը, հասավ Կոմիտեի հիմնական կազմի ազատմանը, Շարժման նոր հզոր վերելքին, այսինքն՝ հաղթանակի հասավ Խորհրդային կայսրության դեմ։ Ջոն այդ հաղթանակը կերտող հինգ-վեց հոգուց մեկն էր։

Այնուհետեւ երեք կարեւոր տեղերում է եղել Երջանիկ Աբգարյանը, երեքն էլ՝ որքան նուրբ, նույնքան կարեւոր։

Արդեն 1988-ի կեսերից ի հայտ եկավ, ապա սրվեց խորհրդային բանակից ազգամիջյան ճնշումների հետեւանքով Հայաստան վերադարձած հայ զինվորների եւ այն զինակոչիկների հարցը, որոնք նույն՝ անվտանգության նկատառումով խուսափում էին զինվորական ծառայությունից։ Գործող օրենքով երկուսն էլ քրեական հանցագործություն էին։ Այսինքն՝ նախ տասնյակ ու հարյուրավոր, ապա հազարավոր ու տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ կարող էին քրեական պատասխանատվության ենթարկվել։ Հայաստանի կոմունիստական իշխանության պետքը չէր, եւ դրանով պետք է զբաղվեր Շարժումը։ Ոչ մեկի նկատմամբ ոչ մի քրեական գործ չհարուցվեց, ոչ մեկը այդ հազարավորներից պատասխանատվության չենթարկվեց, ոչ մի երիտասարդի ճակատագիր չխեղվեց։ Եւ դա երկու հոգու՝ Շարժման համապատասխան կառույցը ղեկավարող Երջանիկ Աբգարյանի եւ խորհրդային 7-րդ բանակի զինվորական դատախազ Միքայել Սեւյանի փոխըմբռնման եւ համագործակցության, ինչու չէ՝ նաեւ անձնական ռիսկի շնորհիվ։ Այդ մի քանի տասնյակ հազար երիտասարդները, ի հեճուկս Մոսկվայի ճնշումների ու շարունակվող սպառնալիքների, արդեն 1990 թ. ամռանը եւ աշնանը ծառայության մտան Հայաստանում տեղակայված խորհրդային զորամասերում՝ «հայկականացնելով» դրանք։ Այնպես որ՝ երբ շատերը խոսում են հայկական բանակի ակունքներում գտնվելու մասին, ապա Ջոն ոչ թե բանակի ակունքներում է եղել, այլ այդ ակունքները գոյացնողներից մեկն էր։

Զինված հակամարտության, պատերազմի տարիներին Ջոն Լեռնային Ղարաբաղում էր, ամենադժվարին տեղերում, հակառակորդի առաջնային թիրախ Գետաշենում, հարակից գյուղերում, Շահումյանում։ Նա համակարգում էր ՀՀՇ-ի ջոկատների գործողությունները, նաեւ՝ անձամբ մասնակցում ռազմական գործողություններին։ Ֆեյսբուքյան իր էջում վերջին տարիներին մանր կտորներով՝ մաս-մաս իր հուշերն է ներկայացրել այդ իրադարձությունների մասին։ Շատ վաղուց էինք հորդորում, որ անի այդ գործը։ ՀՀՇ-ականների բազմաթիվ վատ սովորություններից մեկն է հուշեր չգրելը (նաեւ՝ իրենց մասին երգեր չպատվիրելը, հրացաններով չնկարվելը)։ Նրա հուշերն առաջնային, անշրջանցելի սկզբնաղբյուրներ են պատմաբանի համար։ Երանի թե ունենա գրած ավելին, քան այն, որ արդեն հրապարակել է։

Եւ վերջապես՝ երրորդ գործը, որ հանձնարարվեց Երջանիկ Աբգարյանին, կամ՝ ինքն ստանձնեց, քիչ է ասել, թե նուրբ էր ու դժվարին։ Դա պետական մի կառույցի ստեղծումն էր, որ պարզապես չկար, չէր եղել երբեք, զրոյական էր։ Խորհրդային Հայաստանում պետական մյուս կառույցները լավ թե վատ եղել էին։ Դրանցից մի քանիսը՝ մասամբ, մի քանիսը՝ մեծ մասամբ ձեւափոխելով, վերափոխելով՝ կարելի էր դարձնել անկախ պետության կառույց։ Անգամ Արտաքին գործերի նախարարություն էր եղել մուտքին փակցված համապատասխան ցուցանակով՝ թեկուզ մի չորս-հինգ հոգուց բաղկացած կազմով եւ առանց որեւէ արտաքին գործի։ Մաքսային ծառայություն չէր եղել, որը պետք էր ստեղծել բացարձակ զրոյից։ Ջոն ստեղծեց։ Ստեղծեց ոչ միայն կառույցը, ստեղծեց նաեւ համապատասխան օրենսդրությունը, որով պետք է աշխատեր այն։ Ստեղծեց նվիրումով, դժվարին պայմաններում։

92-ի կամ 93-ի ցուրտ ձմեռ էր, ինչ-որ հարցով գնացի Ջոյի մոտ։ Հայաստանի Մաքսային վարչության պետի աշխատասենյակում «սալյարկայի» վառարան էր վառվում՝ հազիվ տաքացնելով շրջապատը։ Ցուրտ էր։ Թեյ առաջարկեց՝ «պիտի որ շաքար էլ ունենանք»։ Այն ժամանակ այդպես էր։ Ջոն ու Մաքսայինը բացառություն չէին։ Այն ժամանակ ամենուր էր այդպես։ Եւ ոչ մեկը չէր տրտնջում, չէր ասում՝ պետական պաշտոնյան այսքան պիտի ստանա, որ... եւ այլն։ Մտքներով էլ չէր անցնում. ՀՀՇ-ական վատ սովորություն էր։

Ջոն, ինչպես ՀՀՇ-ում շատերը, չհանձնվող տեսակից էր։ Նա պիտի պայքարեր Շարժման արժեքների վրա ձեռք բարձրացրած իշխանության դեմ։ Եւ պայքարեց։ Մինչեւ իր կյանքի վերջին օրերը։ Պայքարեց ինչպես կարող էր՝ գործելով, գրելով։

Հաստատ կա շատ թե քիչ օբյեկտիվ մի չափանիշ, չափման միավոր, որով գնահատվում է որեւէ ասպարեզում մարդու աշխատանքը, վաստակը։ Կան նաեւ այդ վաստակը գնահատելու ձեւերը՝ պարզ շնորհակալագրից մինչեւ պետության բարձրագույն պարգեւ։ Դա միայն գնահատվողի համար չէ, այլ առաջին հերթին՝ պետության։ 1988-ից ի վեր, ամբողջ մի տասնամյակ, հայաստանյան եւ արցախյան քաղաքական կյանքում, Ջոն իր վաստակի կշռով պետական-քաղաքական գործիչների առաջին տասնյակում է՝ նվազագույնը։ Այստեղ ասենք, որ «ՀՀՇ-ական» մի այլ վատ սովորություն էլ կար։ Ոչ թե սովորություն, այլ չգրված օրենք՝ իր իշխանության շրջանում որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող նման բան անցնել՝ ինքնապարգեւատրումը։ Հետո դա տարածվեց ու ծաղկեց։ Գնահատել կարող էր հաջորդ իշխանությունը։ Բայց... այդ իշխանությունն առաջին իսկ օրից եւ ամբողջ 20 տարի զբաղված էր ճիշտ հակառակ՝ Շարժման եւ Անկախության տարիներն ու գործիչներին մրոտելու, նրանց վաստակն ուրանալու, պատմությունը կեղծելու ստոր ու նսեմ գործով։ Ավելին, ոչ թե գնահատականներով ու պարգեւներով, այլ  ընդհուպ ֆիզիկական բռնության գործադրմամբ եւ բանտարկությամբ հատուցվեցին այդ տարիների ձեռքբերումների երախտավորներից շատերը, այդ թվում նաեւ Երջանիկ Աբգարյանը  (2008 թ.)։

Հ. Գ. Վերնագիրն ինքնիրեն եկավ. «Բարի ճանապարհ, քեզ էլ պարտք մնացինք, Ջո՛»։ Ու հենց հոգնակի թվով։ Չգիտեմ ինչու՝ պարտք մնացած լինելու այդ զգացումն այս պահին առաջնային էր։ Համոզված եմ, Ջո՛, քո տասնյակ ու հարյուրավոր ընկերներից շատերը նույնպես ունեն նույն զգացումը։ Մի օր պարտքի այդ զգացումն անպայման կունենա նաեւ Հայաստանի ու Արցախի արժանապատիվ որեւէ իշխանություն։ ՀՀՇ-ական հերթական վատ սովորություն է՝ մենք չենք տրտնջում։ Բայց արձանագրում ենք։

Բարի ճանապարհ, Ջո՛։