11.05.2020 14:38

Կորոնավիրուս․ Վարակվածների թվի աճ Գերմանիայում և Հարավային Կորեայում

Կորոնավիրուս․ Վարակվածների թվի աճ Գերմանիայում և Հարավային Կորեայում

Ամբողջ աշխարհում Covid-19-ով հիվանդների թիվն անցել է 4 միլիոնից, մահացել է 280 հազարից ավելի մարդ։

Մի քանի երկրներում, որտեղ  կարանտինային միջոցառումների մեղմացում է կատարվել, նկատվում է վարակվածների թվի աճ։

Հարավային Կորեայում իշխանությունները վերականգնել են սահմանափակումները և փակել են բոլոր սրճարաններն ու ռեստորանները՝ վարակի նոր օջախ հայտնաբերելով այն բանից հետո, երբ հաստատված ախտորոշմամբ մի տղամարդ այցելել է Սեուլի մի քանի զվարճանքի վայրեր։

Իշխանությունները տեղեկացրել են վարակի 34 նոր դեպք․ դա վերջին ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Դրանցից 26-ը տեղական ծագման դեպքեր են, 8-ը «ներմուծվել» են արտասահմանից։ Նախագահ Մուն Չժե Ինը նախազգուշացրել է տարեվերջին համաճարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին։

Վարակվածների թիվն աճել է նաև Գերմանիայում․ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ չորեքշաբթի իշխանությունները մեղմացրին կարանտինը։ Գերմանիայում արձանագրվել է վարակման 667 նոր դեպք։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այժմ վարակվածների թիվը կազմում է ավելի քան 171 հազար, մահացել է մոտավորապես 7,5 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։