11.05.2020 18:19

Լիզա Ճաղարյան. Ինչու՞, պարոնայք եւ տիկնայք հեղափոխական իշխանավորներ

Լիզա Ճաղարյան. Ինչու՞, պարոնայք եւ տիկնայք հեղափոխական իշխանավորներ

Ուզում եմ հոդված գրել, թեմա եմ փնտրում։ Կարծես, դժվար չի գտնելը, միջադեպերով հարուստ կյանքով է ապրում Հայաստանը։

Բայց ո՛ր թեմային էլ ուզում եմ անդրադառնալ, «ինչու»-ների հեղեղը թույլ չի տալիս կենտրոնանալ որեւէ խնդրի վրա։

Ուզում եմ անդրադառնալ հերթական սանձարձակ սպառնալիքը հնչեցնողին, փորձում եմ զարմանալ, թե ինչու է այդ մարդը մինչ այս պահն անպատիժ, դեռ մի բան էլ՝ հանրությանը «հայրենասիրության» դասեր է տալիս ու այդ նույն հանրության քթի տակ թափ է տալիս իր անպատժելիության գրավականի շշմեցուցիչ «հիմնավորումը»՝ իր հայրը վանեցի է։

Վաղուց գիտեինք, որ եթե պատերազմի տարիներին սահմանի կողքով անցել ես, ուրեմն անքննելի ես, կարող ես նույնիսկ մարդ սպանել ու մարսել։ Գիտեինք, որ եթե երկար տարիներ կողոպտել ես պետությունը ու միլիոններ դիզել եւ քո միլիոններից «առատաձեռնորեն» մի քանի կարիքավոր ընտանիքների մակարոն ու ալյուր ես բաժանում, կամ՝ «համակիրներիդ» պիցա ես բաժանում, ուրեմն մեծ բարերար ես, եւ քո կողքով անցնողը պետք է երեքտակ ծալվի ոտքերիդ առաջ, ոչ թե հարցնի՝ իսկ որտեղի՞ց քեզ այդ միլիոնները։

Գիտենք, անգիր գիտենք, որ հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է, բայց չգիտեինք, որ «վանեցի» լինելն իրավունք է տալիս «մերումանուկ» սպանելու։

Ինչու՞ չի գրվում։

Որովհետեւ այս ամենաթարմ սպառնալիքից հետո անպատիժ ճամարտակող այս «հայրենասերի» մասին գրելու պահին, կրկնեմ, «ինչու»-ները հերթ են կանգնում ու պատասխան պահանջում, իսկ ես դրանց պատասխանները չգիտեմ։

Օրինակ՝ ինչու՞ Ռոբերտ Քոչարյանի հենց առաջին դատավարության օրը Վարդգես Գասպարիին շշով հարվածող ու մարմնական վնասվածք հասցնող խուլիգանը չդատապարտվեց օրենքով։ Հասարակությունը դեռ հիշողությունը չի կորցրել եւ հիշում է, չէ՞, որ ռոբասերժերի տարիներին ոստիկանի ուղղությամբ պլաստմասե շիշ շպրտած, ոչ մի վնասվածք չհասցրած ընդդիմադիր երիտասարդը ազատազրկվեց վեց տարով։ Ուրեմն, ինչու՞ հեղափոխությունից հետո մարդուն շշի հարվածով մարմնական վնասվածք հասցրած քոչարյանականն անպատիժ մնաց։

Ինչու՞ այս նույն Քոչարյանի դատավարություններից մեկի ժամանակ ոմն «կուսակցապետ» Արամ Հարությունյան հարվածեց ծեր կնոջն ու հայհոյեց, բայց մինչ օրս ոչ միայն ազատության մեջ է, այլեւ բացահայտ հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հասցեին եւ շարունակում անպատիժ մնալ։

Ինչու՞ այս նույն Քոչարյանի դատավարության օրերից մի օր երկու-երեք երիտասարդներ գետնին ընկած ՀՀ քաղաքացուն աքացիներով հարվածեցին եւ նորից անպատիժ մնացին։ Հիշեցնում եմ, սրանք բոլորն էլ գլխավոր ամբաստանյալի, այսպես կոչված՝ համակիրներից էին, դեպքերն էլ տեղի են ունեցել հեղափոխությունից հետո։ 

Շարունակեմ թվարկե՞լ, հիշեցնե՞մ ամենաթարմ դեպքերից մեկը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքին ոտնատակ տված խուլիգանների մասին, որ մինչ օրս ազատ ու անպատիժ են։

Արժե՞ շարունակել օրինակները, թե այս մի քանիսը բավարար են խոր թախիծով գիտակցելու համար, որ ամենեւին զարմանալի չէ, որ երեկվանից Խառատյանների ընտանիքին «մերումանուկով» վերացնելու «հայրենասիրական» սպառնալիքի հեղինակը մինչ այս պահը շարունակում է լկտիաբար բարբաջել, դեռ մի բան էլ՝ անարգել մոտոերթ կազմակերպել Երեւանից մինչեւ Էջմիածին։

Պատասխանը պարզ է, չէ՞։

Առողջ եղեք։