11.05.2020 21:15

Իսկ հեղինակությո՞ւն են արդյոք նրանք

Իսկ հեղինակությո՞ւն են արդյոք նրանք
Լուսանկարը` Panorama.am-ից

Պատասխանելով «Առավոտի» հարցին,

թե ինչպես է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի

«ո՞վ է այն տղամարդը» արտահայտությանը,

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում,

դա միշտ կասկածներ է առաջացնում»։
1998

«Իմաստ չունի, որ մանրամասն քննարկեմ այս 100 օրը։

Կարծում եմ՝ առիթներ դեռ կլինեն։

Ուղղակի երբ դիտեցի մամուլի ասուլիսի տեսագրությունը,

մտածեցի՝ ընդամենը մեկ բան է պակասում՝

Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դրոշի վրա գրել՝

«Մեկ զարկեմ, ջարդեմ 1000»։

Վազգեն Մանուկյան 1998

 

«Ես չեմ տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը մի գաղափարի կրող է,

 որի շուրջ համախմբված է ժողովուրդը»։
Վազգեն Մանուկյան
1999

 

 

Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը նորից դարձ է կատարել ի շրջանս յուր: «Արդեն երկու տարի է՝ դատավարություն է ընթանում» գոչող փաստաբանները հերթական միջնորդությունն են ներկայացրել` նորից խափնման միջոցը փոխելու վերաբերյալ: Ընդ որում, այս անգամ երկու «հիմնավորում են» բերել. մեկը, թե երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, եւ քանի որ իրենց պաշտպանյալը խոցելի տարիքային խմբում է, ուստի նրա խափանման միջոցը պետք է փոխել, մյուսն էլ` 4 նախկին վարչապետների անձնական երաշխավորությունը. Հայաստանի նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը եւ ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը եկել էին դատարանի դահլիճ եւ որպես «հեղինակավոր անձինք»՝ երաշխավորում էին, որ ամբաստանյալը ազատության մեջ ոչ մի հակաօրինական բան չի անելու, չի թաքնվելու քննությունից, չի խոչընդոտելու քննությանը:

Այս ամբողջ կրկնվող ներկայացման մեջ նորությունն ու զավեշտն, անխոս, նախկին վարչապետների քայլն էր, ավելի կոնկրետ` նրանց որպես հեղինակություն մեզ հրամցնելը:

Ու հարց է ծագում` իսկ ո՞ւմ համար են այդ նախկին վարչապետները հեղինակություն: Հասարակությա՞ն, թե՞ անձամբ Քոչարյանի համար:

Արդյո՞ք հասարակության համար այդ անձինք, որպես քաղաքական կերպարներ, այնպիսի հեղինակություն ու կշիռ ունեն, որ հանրության լայն զանգվածները պատրաստ են անսալ նրանց կոչերին եւ այս կամ այն քայլը անել կամ չանել` նրանց կոչերով կամ հորդորներով:

Դեռ մի կողմ թողնենք այն, թե այդ երաշխվորներից երկուսի կուսակցությունները եւ իրենք՝ որպես թեկնածու, ընտրություններին քանի տոկոս էին ստանում. արդյո՞ք եղել են դեպքեր, կամ եթե եղել են (ապա վերջին անգամ քանի՞ տասնամյակ առաջ), երբ հանրության մեծ զանգվածներ մեկ տեղում համախմբվեն այդ հեղինակավոր անձանց հեղինակավոր խոսքը լսելու:

Էլ չասած, որ կարող եք դուրս գալ փողոց եւ ցանկացած անցորդի հարցնեք, թե պատրա՞տ է անսալ այս 4 երաշխավորներից որեւէ մեկի այսինչ կամ այնինչ կոչին կամ հորդորին, ու տեսնել, թե ինչպես կարձագանքեն մարդիկ:

Ու դա բնական ու տրամաբանական է, այդ մարդկանց ամբողջ քաղաքական գործունեությունը, այս ճամբարից այն ճամբար տեղափոխվելը տեղի է ունեցել մարդկանց աչքի առաջ:

Այդ դեպքում ո՞ւմ համար են նրանք հեղինակություն: Գուցե Ռոբերտ Քոչարյանի՞: Օրինակ` կարո՞ղ է լինել իրավիճակ, որ վերջինիս մտքով անցնի ներազդել գործի քննության վրա, բայց հիշի, որ իր համար աձնական երաշխավորություն է տվել Վազգեն Մանուկյանը, եւ հանուն Մանուկյանի հետ կանգնի այդ քայլից:

Չի կարող որեւէ մեկը հեղինակություն լինել մի մարդու համար, որը սեփական քաղաքական կենսագրությունն է է գրել, որտեղ կա միայն մեկ հեղինակություն` եւ այդ հեղինակություն-հերոսը հենց ինքն է:

Այնպես որ, այն ամենը, ինչ մեզ հրամցնում են, ընդամենը ներկայացում է, որտեղ քաղաքականապես վաղուց մոռացված անձինք որոշել են սատար կանգնել Քոչարյանին` քաղաքականապես վերակենդանանալու, լրահոսում հայտնվելու հույսով: Որովհետեւ դժվար է նստել տանը` կարծելով, թե դու շատ խոշոր պատմական կերպար ես, շատ հեղինակավոր քաղաքական գործիչ ես, պարզապես մարդիկ այդ մասին տեղյակ չեն:

Արսեն Օհանյան