12.05.2020 16:20

Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրում են լրագրողուհու նկատմամբ ոտնձգության մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրում են լրագրողուհու նկատմամբ ոտնձգության մեջ

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի նկատմամբ՝ սեռական ոտնձգության մեղադրանքով։

94-ամյա նախկին նախագահի դեմ գանգատ է ներկայացրել գերմանացի լրագրողուհի Անն-Կատրին Ստարկեն։ Նա պնդում է, որ Ժիսկար դ'Էստենը 2018 թ․ հարցազրույցից հետո անպարկեշտ ձևով իրեն է դիպել։

37-ամյա լրագրողուհին նախկին նախագահի դեմ բողոքը ներկայացրել է մարտի 10-ին։ Անցյալ շաբաթ France-Presse գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե նախագահը, որն այդ ժամանակ 92 տարեկան էր, երեք անգամ դիպել է իր հետույքին, երբ նրանք զրույցից հետո միասին լուսանկարվել են։

«Ես որոշեցի պատմել, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ կարծում եմ՝ մարդիկ պիտի իմանան, որ Ֆրանսիայի նախկին նախագահը հարցազրույցից հետո սեռական ոտնձգություն է կատարել իմ նկատմամբ»,- գերմանական WDR հեռուստատեսության եթերում հայտարարել է Ստրակեն։

Նախկին նախագահի ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ նա չի հիշում լրագրողուհու նկարագրած դեպքերը։

Վալերի Ժիսկար դ'Էստենը Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1974-1981 թթ․։ Նա միջազգային բազմաթիվ պարգևների է արժանացել, եվրոպական մի քանի երկրներում նրան ասպետի տիտղոս են շնորհել։ Ժիսկար դ'Էստենը քաղաքական թեմաներով գրքերի, ինչպես նաև սիրավեպերի հեղինակ է։ 2009 թ․ լույս տեսած նրա «Իշխանուհին և նախագահը» վեպը, որի հերոսուհին հնարովի «Պատրիցիան է՝ Կարդիֆյան իշխանուհին», ոչնչով չհիմնավորված լուրերի տեղիք է տվել, թե Ժիսկար դ'Էստենը սիրավեպ է ունեցել իշխանուհի Դիանայի հետ։

Փոխանցում է BBC-ն։