13.05.2020 14:35

Լիզա Ճաղարյան. Ես վախենում եմ. իսկ դու՞ք

Լիզա Ճաղարյան. Ես վախենում եմ. իսկ դու՞ք

«Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր կողմ եւ դեմ փաստարկները դարձյալ պետք է ծանրութեթեւ անի դատարանը: Այնպիսի մի դատարան, որը չի վախենում վարչապետի եւ նրա բազմահազարանոց կողմնակիցների ցասումից, որը չի գտնվում ժողովրդական լայն զանգվածների կողմից շրջափակվելու կամ առնվազն բարոյական տեռորի ենթարկվելու սպառնալիքի տակ: Մենք ունե՞նք այդպիսի դատարան»:

Սա հատված է կայքերից մեկի խմբագրականից։

Նման տեսակետ առաջին անգամ չի հնչում. տարբեր շարադասությամբ եւ այլ բառամթերքով այս միտքը շահարկում են նաեւ հանցագործ նախկին իշխանության ճամբարի «հայրենասերները», քրեական հանցագործությունների համար մեղադրվող նախկինների փաստաբանները եւ, այսպես կոչված՝ համակիրները։

Ակնհայտորեն սա արվում է «եթե անընդհատ կրկնենք նույնիսկ ամենազավեշտալի սուտը, կամաց-կամաց ճշմարտության տեղ կանցկացնենք» ճղճիմ տրամաբանությամբ։ Այս մտայնության «առաջամարտիկները» հաստատապես նաեւ իրենց մտքում չարախնդությամբ հավելում են. «Մանավանդ որ՝ դիմադրության նշույլ չկա մեր ստերին»։

Բայց երբ նույնը կրկնում են մարդիկ, որ կարծես իրենց իմացության մակարդակով ունակ են դատական համակարգում տիրող իրավիճակը գնահատել անաչառորեն, սա արդեն առնվազն տարօրինակ է։

Հեղափոխությունից հետո ե՞րբ եւ ո՞վ է վախի նշույլ տեսել նշված համակարգում ու հատկապես դատավորների շրջանում։ Եվ ամենակարեւորը՝ իշխանության ո՞ր քայլը պետք է վախեցնի նրանց։ Օդում անպտուղ թեւերը թափահարե՞լը, թե «վեթինգ ենք անելու - վեթինգ չենք անելու», «պատժելու ենք – չէ, վա՛յ, մենք թավիշ ենք, չենք պատժելու», «վնգստում են – վայ չէ՛, դայլայլում են» մանկապատանեկան խաղերը։

Արդյո՞ք հետհեղափոխական դեպքերի ընթացքը հակառակը չեն վկայում։

Իսկ հակառակն այն է, որ հասարակության շրջանո՛ւմ է աստիճանաբար տնավորվում վախը՝ օրեցօր ավելի ու ավելի համոզվելու պատճառով, որ «հինավուրց» հանցագործները շարունակում են անպատիժ մնալ, «նորաթուխ» հանցագործներն էլ ժամ առ ժամ լկտիանում են ու լկտիանում, եւ պարզվում է, շատ հեռու չգնանք՝ «մերումանուկ» ոչնչացնելու սպառնալիք հնչեցնողը քրեական պատասխանատվության ենթակա չէ։

Չվախենա՞նք։ Փաստորեն, մեր «արդարադատները» բացեիբաց խոստովանում են, որ սպասում են՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն մի ողջ ընտանիքի հետ, եւ դրանից հետո պատասխանատվության ենթարկեն, թե՞ ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում։

Իսկ հանրության շատ հիմնավոր վախի պատճառ չի՞, որ մեր հիշողությունն ավելի շատ փորփրելու դեպքում կարող ենք ծանրակշիռ հիմքեր գտնել զարհուրելու, որ նույնիսկ վերոգրյալ օրինակի դեպքում հանցագործները չեն պատժվի։ «Լավագույն դեպքում»՝ այդ նույն «վախեցած» ուժային կառույցների աչքի առաջ կլքեն երկիրն ու հեռվից «հերոսական» շոու-լայվեր կբեմադրեն ի հեճուկս այն նույն հասարակության, որ մինչ օրս արդարության կարոտից մեջքը չի ուղղել։

Վախ կա՛, հարգարժան «անաչառներ», պարզապես այդ վախն այնտե՛ղ չեք «հայտնաբերում» ու ի ցույց դնում, որտեղ իրականում կա։