14.05.2020 20:02

ՄԳԻՄՕ-ն ավարտած Ալիեւի գովքը Վազգեն Մանուկյանն էր անում

ՄԳԻՄՕ-ն ավարտած Ալիեւի գովքը Վազգեն Մանուկյանն էր անում

Վազգեն Մանուկյանը, որը 3 այլ նախկին վարչապետների հետ միասին երաշխավորություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, հիասթափված հարցազրույց է տվել` անդրադառնալով դատավորի` միջնորդությունը մերժելու որոշմանը:

Մանուկյանը մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել:

Օրինակ, նա նշել է, թե «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիևի կողմից շքանշան ստանալու»:

Կարելի էր, իհարկե, այս պնդումը երկար-բարակ վերլուծել, բայց փոխարենն ի պատասխան` թերեւս մեջբերենք հենց իր` Մանուկյանի՝ 2008 թվականին արած հայտարարություններից մեկը.

«Ադրբեջանում կա Ալիեւ, որը ծնվել է թագավորի ընտանիքում եւ ավարտել է ՄԳԻՄՕ, բազմաթիվ կապեր ունի, Վրաստանում Սահակաշվիլին է, որը միջազգային կապեր ունի, միջազգային կրթություն է ստացել, իսկ Հայաստանում` երեկոյան բանասիրական ավարտած Սերժ Սարգսյան: Իրենք իրար հետ բանակցություններ են վարելո՞ւ: Իրար հավասար են զգալո՞ւ: Անհեթեթություն է,...»:

Ինչպես տեսնում ենք՝ թե Հայաստանում քաղաքական գործիչ կա, որը հիացած է Ալիեւով և արժանի է «նրա կողմից շքանշան ստանալու», դա փաստորեն հենց ինքը Վազգեն Մանուկյանն է:

Ապա Մանուկյանը պնդում է, թե «այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար»:

Նման հայտարարություն է անում եւ Քոչարյանի համար երաշխավորություն է ներկայացնում մի մարդ, որը ժամանակին Քոչարյանի մոլի քննադատներից էր, պնդում էր, թե «երբ որ մեկն իր տղամարդ լինելու մասին շատ է խոսում, դա միշտ կասկածներ է առաջացնում», որ պետք է «Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դրոշի վրա գրել՝ «Մեկ զարկեմ, ջարդեմ 1000»», որ «Քոչարյանը գաղափարի կրող չէ» եւ այլն:

Մեկ այլ ուշագրավ մեջբերում էլ 2003 թվականի Վազգեն Մանուկյանից. «Կարող է լինել ավելի «խորամանկ սցենար». ցնցումներից խուսափելու համար երկրորդ փուլի գնան, դիտորդներին ու հանրությանը ցույց տան, որ վերաբաշխումներ եղան, եւ՝ Քոչարյանն «ավելի հանգիստ անցնի»: Չէ՞ որ մի ճամբարից մյուսն անցնելը Հայաստանում սովորական երեւույթ է: Իմ աչքի առաջ այնքան մեծ արագությամբ մի ճամբարից մյուս ճամբար վազող նապաստակներ եմ տեսել, որ բացի ինձանից ոչ մեկին չեմ երաշխավորի»:

Մինչդեռ, ինչպես տեսանք, Վազգեն Մանուկյանն անգամ իր համար չկարողացավ «երաշխավորել», թեեւ նման պնդում էր անում, և իր բառերով ասած` մեծ արագությամբ մի ճամբարից մյուս ճամբար անցավ:

 

Իսկ մեզ մնում է միայն հասկանալ, որ եթե Վազգեն Մանուկյանն անգամ իր գործողությունների համար չի կարող երաշխավոր լինել, ապա ինչպե՞ս է երաշխավոր լինելու Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար: Մի մարդու համար, որը, իր պնդմամբ՝ «գաղափարի կրող չէ»:

 

Արսեն Օհանյան