15.05.2020 12:55

Կորոնավիրուս․ Կոլեկտիվ իմունիտետի համար վարակվածների թիվը բավարար չէ

Կորոնավիրուս․ Կոլեկտիվ իմունիտետի համար վարակվածների թիվը բավարար չէ

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը կազմում է բնակչության 4,4 %-ը (2,8 մլն), պարզել են Պաստյորի ինստիտուտի հետազոտողները։ Դա պաշտոնական տվյալներից շատ ավելի է, սակայն բավարար չէ՝ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար։

Գիտնականները եզրակացրել են, որ երկրի առավել տուժած տարածքներում՝ Փարիզում և արևելյան շրջաններում, այդ ցուցանիշը կազմում է միջինը բնակչության 9-10 %-ը։ Համավարակը կոլեկտիվ իմունիտետի օգնությամբ վերահսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ վարակված լինի բնակչության մոտավորապես 65 %-ը, ասվում է հետազոտության մեջ։

Կոլեկտիվ իմունիտետը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ այն մշակված է բավարար թվով մարդկանց մոտ, ինչի արդյունքում վարակն այլևս չի տարածվում։

Պաստյորի ինստիտուտը վարակված բնակչության տոկոսն ստուգել է մայիսի 11-ին, երբ Ֆրանսիայում կարանտինային միջոցառումները մեղմացվել են։

«Ստացված տվյալների համաձայն՝ առանց պատվաստանյութի՝ կոլեկտիվ իմունիտետը բավարար չի լինի կարանտինի ավարտից հետո հիվանդության երկրորդ ալիքից խուսափելու համար։ Ուստի վերահսկողության արդյունավետ միջոցառումները պետք է ուժի մեջ մնան նաև մայիսի 11-ից հետո»,- ասվում է հետազոտության մեջ։

Մայիսի 14-ի դրությամբ՝ Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 178 հազար դեպք։ Երկիրը մահերի թվով հինգերորդ տեղում է՝ այստեղ մահացել է Covid-19-ի ախտորոշմամբ 27 077 մարդ։

Փոխանցում է BBC-ն։