15.05.2020 21:26

Հապաղել չի կարելի, պետք է գործել

Հապաղել չի կարելի, պետք է գործել

ԱԺ ԻՔ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր անդրադարձել է ՍԴ ճգնաժամի հարցին եւ, հիշեցնելով, որ այդ ճգնաժամի հարցով արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով, նշել է, թե չի բացառվում, որ ՍԴ ճգնաժամը լուծվի ավելի արագ եւ առանց հանրաքվեի: Ըստ ամենայնի, Ռուբինյանն ակնարկում է,  որ հարցը կարող է ԱԺ-ի միջոցով լուծվել:

Ինչ խոսք, համավարակի եւ քաղաքական իրավիճակի այս պայմաններում նման քայլը, մեղմ ասած, անհրաժեշտություն է: Եւ իշխանություններն այս հարցում՝ գոնե այս անգամ դանդաղելու, ձգձգելու իրավունք չունեն: Որովհետեւ որքան որ ակնհայտ է բոլորին, որ ՍԴ-ն փաստացի դիրքավորվել է որպես նախորդ իշխաննությունների շահերը սպասարկող բաստիոն, նույնքան էլ ակնհայտ է, որ նախորդները փորձում են օգտվել իշխանությունների հապաղումներից եւ ոչ միայն ուշքի գալ տեղի ունեցածից հետո, այլեւ` վերադիրքավորվել:

Ու աներկբա է արդեն, որ նախորդները եւ նրանց սպասարկող «անձնակազմը» 2018-ից հետո աննախադեպ մոբիլիզացվել է եւ ոչ միայն ուժգնացրել է տեղեկատվական ագրեսիան, այլեւ` ուղղակիորեն արդեն անցել է ֆիզիկական ագրեսիայի:

Իսկ այս իրավիճակի համար իշխանությունն անշուշտ իր մեղքի բաժինն ունի, քանի որ գործողությունների հարցում դիսբալանս կա՝ խոսքի հապշտապություն եւ գործի հապաղում:

Իշխանությունները, թերեւս, հույս ունեին, որ իրավիճակի փոփոխությունն ինքնին վարքի փոփոխություն կնշանակի նախորդների համար, եւ նրանք, հաշվի առնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, իրենք եւս կփոխվեն:

Բայց այդպիսի բան չկա եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ վերջիններս հասկանում էին, որ այդ փոփոխությունները վաղ թե ուշ կարող են հասնել իրենցից յուրաքանչուրին: Եւ հենց դրա պատճառով էլ շատ արագ մոբիլիզացվեցին եւ կամաց-կամաց գրոհի անցան:

Ու հետեւանքը եղավ այն, որ իշխանությունը հայտնվեց պատասխանողի դերում:

Այո, իշխանություններն այդ ժամանակ բազմաթիվ պնդումներ արեցին, թե  ինչպես եւ ինչ տեղի կունենա բոլոր իրավախախտների, կոռուպցիոներների, հանցագործների հետ, բայց արդյունքներն արագ տեսանելի չէին, իսկ որոշ հարցերում էլ հապաղումը շարունակվեց:

Այս ամենի հետեւանքով այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ ունենք այն, որ նախորդներն արդեն պայքարում են ոչ միայն կեղծ, հայհոյախառն խոսքով, այլեւ փաստացի ֆիզիկապես թիրախավորում են իշխանության տարբեր ներկայացուցիչների: Ու աստիճանաբար տպավորություն են ստեղծում, որ իրենք են այս երկրում «ասողը», եւ իրենցից պաշտպանված  չեն անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, եւ այս վարքագծով ցանկանում են վախ սերմանել շարքային քաղաքացիների շրջանում (նախկինի պես կարիք չունեն ողջ ժողովրդին միաժամանակ ահաբեկելու), որպեսզի երկրում քաոսի, անիշխանության եւ ամենակարեւորը` քաղաքացու անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծեն:

Իհարկե, ամեն բան պետք է արվի միայն ու միայն օրենքի եւ օրինականության սահմանններում: Բայց պե՛տք է արվի: Եւ արվի արագ: Արագ, իհարկե, չի ենթադրում հախուռն ու չմտածված հաջորդականությամբ քայլերով:

Իշխանությունները ստացել են քաղաքացիների քվեն՝ գործելու համար: Բնական է, որ տարբեր կողմերից այս կամ այն քայլի պարագայում եղել են, կան ու կլինեն ճնշումներ: Բայց որքան ժամանակը ձգվի, այդ ճնշումներին ինքնիշխան լեգիտիմությամբ դիմակայելու հնարավորությունները, բնականաբար, քչանալու են: Ու ՍԴ-ի հարցում նույնպես պետք է գործել՝ արհամարհելով ճնշումները:

Քանի որ այն, ինչ կարող էին անել երեկ, չեն կարող անել այսօր: Բայց նաեւ՝ այն, ինչ կարող են անել այսօր եւ եթե չանե՛ն, չեն կարողանալու անել վաղը:

Արսեն Օհանյան