18.05.2020 12:01

Առողջապահության համաշխարհային ասամբլեան կհետաքննի ԱՀԿ գործողությունները

Առողջապահության համաշխարհային ասամբլեան կհետաքննի ԱՀԿ գործողությունները

Երկուշաբթի մեկնարկում է Առողջապահության համաշխարհային ասամբլեան, որն այս տարի կանցկացվի վիրտուալ ձևաչափով։

Սպասվում է, որ մի շարք երկրների ներկայացուցիչներ օրակարգ կմտցնեն կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործողությունների հետաքննության հարցը։

Նման առաջարկով հանդես են եկել Եվրամիության երկրները, իսկ Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան մտադիր են պաշտպանել այդ օրակարգը։ Նրանք  պատասխան են պահանջում այն հարցին, թե արդյո՞ք ամեն ինչ է արվել՝ ավելի քան 4,6 մլն մարդու վարակած և առնվազն  300 հազարի կյանքը խլած կորոնավիրուսի համավարակը կանխելու համար։ Համաժողովում կքննարկվի նաև ԱՀԿ լիազորություններն ընդարձակելու հնարավորության հարցը։ Մասնակից երկրները քննարկում են վարակիչ հիվանդությունների բռնկաման օջախներում ստուգումներ անցկացնելու՝ կազմակերպությանը իրավունքի տրամադրման հարցը։

Ապրիլին ԱՀԿ-ն հայտնվել էր ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ մեղադրանքների էպիկենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կազմակերպությունն օգնել է Պեկինին թաքցնել կորոնավիրուսի բռնկումը։ Նա նույնիսկ դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորմանը Միացյալ Նահանգների մասնակցությունը։

Փոխանցում է BBC-ն։