18.05.2020 17:33

Լիզա Ճաղարյան. «Դարի դավադրությունն» ու անմեղ-մեղավորներս

Լիզա Ճաղարյան. «Դարի դավադրությունն» ու անմեղ-մեղավորներս

Հայաստանում ովքեր են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համակիրները, ովքեր՝ ընդդիմացողները կամ ոխերիմ թշնամիները, էական չէ։ Էական չէ նաեւ, թե ովքեր են վաղ մանկուց սիրել կամ երբեւէ չսիրել բժիշկներին։ Էականն այն է, որ տեսնում ենք՝ այս նախարարությունն աշխատում է օրուգիշեր, մեր պետության ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործելով, եւ էժան հեղինակություն ձեռք բերելու համար չի խաբում հանրությանը՝ եղածից պակաս թվեր ներկայացնելով։

Թե դավադրապաշտներն ինչ «մութ ուժեր եւ նպատակներ» են տեսնում այդ թվերի տակ, անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում. ես գրում եմ ուղեղի ծալքերն ըստ անհրաժեշտության օգտագործող ընթերցողի համար։

Նույնպիսի դրական տպավորություն է թողնում նաեւ Երեւանի քաղաքապետարանը. այստեղ էլ՝ այն գործառույթները, որ վերապահված են այս կառույցին, տեսանելի են երեւանցիներիս։ 

Իսկ կարո՞ղ ենք նույնքան վստահաբար պնդել, որ պետական համապատասխան այլ կառույցներ, հատկապես պարետատունն ու ոստիկանությունը, մինչ օրս իրականացնում էին այն խոստումները, ըստ օրենքի նախատեսված այն արգելքներն ու պատիժները, որ ամեն օր բարձրաձայնում էին օդում, ջրում եւ ցամաքում։

Ոչ միայն դժվար է պնդել, նաեւ ամեն քայլափոխի առնվազն տարակուսանքի բազմաթիվ առիթներ ենք ունեցել։

Հուսանք, որ այսուհետ իրավիճակը կփոխվի՞, որովհետեւ հայտնի ու բազմաչարչար ճշմարտություն է, որ հույսը վերջի՞նն է մեռնում։

Իսկ ի՞նչ անենք «ազատ խոսք» կոչեցյալ ոլորտի հետ։ Այստեղ ներվում եւ աչքաթող են արվում նույնիսկ սպանություն, ֆիզիկական հաշվեհարդար ենթադրող բացահայտ սպառնալիքները, եւ այս պայմաններում հուսալ, որ վերջապես պետությունը միջոցներ կձեռնարկի հասարակությանն ապակողմնորոշող «կորոնագիտակների» զառանցանքների հեղեղի դեմն առնելու համար, այնպիսի միամտություն է, որ միայն ծաղրուծիծաղի պատճառ կարող են դառնալ նման լավատեսները։

Այսինքն, սանձարձակ ու անպատասխանատու լրատվամիջոցների աչքին «լավամարդ» դառնալու համար իշխանությունները բժիշկներին թողել են անպաշտպան այն խմբակներին դեմառդեմ, որոնք առավոտից երեկո հրեշավոր կամ անմեղսունակ ապատեղեկատվություն են տարածում այս համաճարակի մասին՝ հրաշալի իմանալով, որ հանրության շրջանում քիչ չեն (նույնիսկ՝ շատ-շատ են) այնպիսիք, որ պատրաստ են «ընկալել» ցանկացած անհեթեթություն՝ միայն թե որեւէ մեկը չկասկածի, որ իրենք էլ են միսուարյունից բաղկացած եւ կարող են վարակվել։

Ես չեմ էլ ուզում քննարկել, թե ինչու է մեր հասարակության մի ստվար զանգված պատրաստ հավատալու ցանկացած խելապակասի կամ ինչ-ինչ նպատակներով խելապակաս ձեւացողի հայտարարություններին՝ առանց ուղեղին զոռ տալու, ես ընդամենն արձանագրում եմ փաստը, որը տեսանելի է ոչ միայն ինձ նման հասարակ մահկանացուներին, այլեւ հենց այդ նույն իշխանությանը։

Ի՞նչ է ստացվում. բժիշկները պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ, հանրության մի հատվածը հետեւում է նրանց խորհուրդներին ու ահազանգերին, որովհետեւ այդ հատվածը հավատում է, որ կորոնավիրուսը չեն հնարել «ջհուդամասոնները» կամ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը, որ, օրինակ, բոլոր տարեցներին էն աշխարհ ուղարկեն՝ ինչպես երեկ «հայտնագործել էր» նախկին հանցագործ ռեժիմի տապալումից հետո բանականությունը մեծ արագությամբ կորցրած մի տիկին, իսկ մի «անաչառ» կայք էլ հրապարակել էր նրա այս բարբաջանքը՝ հանրությանն «անգիտության» խորխորատներից հանելու «ազնիվ» նպատակով։

Եվ այս՝ գրեթե բոլոր առումներով բարձիթողի վիճակում, առողջապահական համակարգի նկատմամբ քարոզչական լկտի ահաբեկության եւ մեր հանրության մի ծանրակշիռ հատվածի՝ զառանցանքների ու անհեթեթությունների հանդեպ ակնհայտ թուլության եւ վարակին դիմակայելու համար տարրական կանոններին չենթարկվելու պայմաններում զարմանանք ու դատապարտե՞նք բուժաշխատողներին, որ վարակակիրների թիվն ավելանում է։

Դե դա ամենահեշտ ճանապարհն է, միայն թե ափսոս՝ այդ ճանապարհը մեզ անշեղորեն տանում է դեպի կորոնավիրուսի ջերմ գիրկը։

Մեղավոր ու անմեղ չզանազանելով։