18.05.2020 19:36

Ինչու է նախորդներին հաջողվում շահարկել ԼՂ հարցը

Ինչու է նախորդներին հաջողվում շահարկել ԼՂ հարցը

2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունից հեռացված անձինք սկսեցին շահարկել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ընդ որում, շահարկում էին այնպես, ասես մի քանի օր/ամիս առաջ իրենք չեն եղել իշխանության եւ այն ժամանակ էլ այդ հարցում նույն հռետորաբանությունն ունեին: Ասես մարդիկ հիշողություն չունեն,  չեն հիշում, թե այդ նախկինները ինչ եւ ինչպես են բանակցել ու ինչպես են մեկնաբանել այդ բանակցությունները:

Ընդ որում, շահարկումների դիապազոնը այնքան լայն է, որ բոլորը թվարկել հնարավոր չէ: Ինչ եւ ինչպես հնարավոր է՝ վերագրում են Փաշինյանի իշխանությանը եւ դա ներկայացնում են որպես վերջին, ամենալավատեղյակ աղբյուրներից ստացած ճշգրիտ տեղեկություն:

Փաշինյանի վերջին առցանց ասուլիսն էլ բացառություն չէր, եւ նրա մեկնաբանությունները նորից դրվեցին այդ շահարկումների հիմքում:

Այն, որ նախորդները պիտի շահարկեն, դա սպասելի էր: Բայց խնդիրն այն է, որ այս հարցում իշխանությունն էլ ունի մեղքի իր բաժինը: Ընդ որում, եթե հեղափոխությունից անմիջապես հետո այդ բաժինը զրոյական էր՝ այնքանով, որ նոր էին եկել իշխանության, եւ դեռ ժամանակ էր պետք հստակ տեսակետներ ներկայացնելու համար, ապա հիմա նույնը ասել չենք կարող:

Իսկ հիմնական հարցն այն է, որ նախորդները խոսելու շատ ավելի մեծ առիթ են ստանում այն պարզ պատճառով, որ իշխանությունները, մեծ հաշվով, մինչ այս պահը հստակ չեն ներկայացրել կարգավորման վերաբերյալ իրենց տեսլականը:

Հարցն այդ տեսլականի լավ թե վատ, սխալ թե ճիշտ լինելը չէ: Այլ դրա հստակ  առկայությունը եւ ներկայացումը:

Տպավորությունն այն է, որ իշխանությունները, մի կողմից, ցանկանում են այս հարցում հասնել մաքսիմալիստական հաջողությունների, բայց բախվելով ռեալ պոլիտիկի հետ եւ հասկանալով, որ այդ հարցում կան շատ խութեր, փորձում են խուսանավել: Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե ռազմավարությունը խուսանավելն է, ապա դա էլ ոչ թե պետք է ինքնաբերաբար լինի, այլ` որեւէ պլանի մի մաս: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պիտի ոչ թե ընդհանրական, այլ որոշակի կոնկրետ մոտեցումներ ներկայացնեն, եւ իրենց հաջորդ գործողությունները պետք է բխեն այդ մոտեցումներից: Տեսականորեն, եթե մենք հայտարարում ենք, որ ԼՂՀ-ն պետք է վերականգնի իր մասնակցությունը՝ որպես լիիրավ կողմ, եւ միայն դրանից հետո պիտի սկսվեն բանակցությունները, ապա հաջորդ գործողությունները պետք է միտված լինեն հենց այդ առաջին կետի իրականցմանը: Ասենք` դիվանագիտական խողովակներով ոչ հրապարակային բանակցություններ սկսել միջնորդ կողմերի հետ՝ ստանալու համար այդ հարցում նրանց աջակցությունը, այնպես, որ միջնորդները եւս ներքին կարգով որոշակի ճնշումներ բանեցնեն Ադրբեջանի վրա, մյուս կողմից էլ՝ այդ ընթացքում որեւէ փաստաթղթի շուրջ ոչ միայն բանակցությունները, այլեւ անգամ քննարկումները իրապես առժամանակ սառեցվեն:

Կամ եթե ընտրվում է այլ ռազմավարություն, այն է` բանակցությունների իմիտացիա ստեղծելով՝ իրականում ձգձգել հնարավոր որեւէ կարգավորում եւ պահպանել ստատուս քվոն, ապա հրապարակային խոսքն էլ, հակառակը` պիտի ավելի ճկուն լինի եւ պակաս անզիջում: Այսինքն, նման ռազմավարություն ստանձնած իշխանությունը այդ դեպքում պետք է չվախենա ոչ պոպուլյար հրապարակային մտքեր արատահայտելուց, չվախենա, որ իրեն դրա համար կքննադատեն, քանի որ ինքը գաղտնի բանակցություններում այլ ռազմավարություն է բանեցնում եւ գիտի, որ այդ ոչ պոպուլիստական մտքերն էլ այդ ռազմավարության մասն են:

Բայց երբ նույն պարագայում փորձ է արվում նաեւ բաց խոսքը կառուցել այնպես, որ ներքին քննադատություն չլինի, իրականում դա հենց ավելի մեծ հնարավորություն է ստեղծում քննադատությունների եւ մեղադրանքների արժանանալու համար:

Ուստի, իշխանությունները շատ ավելի լուրջ ռազմավարություն պիտի որդեգրեն ԼՂ հիմնախնդրի հարցում եւ գործեն ըստ այդմ, եթե պետք է՝ շատ բաներ չասել` չվախենալով հարձակումներից:

Հակառակ պարագայում նախորդների հարձակումները շատ ավելի շատ կլինեն, եւ նրանց համար ամենամիֆական մեղադրանքները ներկայացնելու եւ այդ հարցով քաղաքական վերադասավորումների հասնելու ավելի լայն դաշտ կբացվի:

Արսեն Օհանյան