19.05.2020 14:40

ԱՄՆ-ը մեղադրում է ԱՀԿ-ին՝ համավարակի ժամանակ անգործության համար

ԱՄՆ-ը մեղադրում է ԱՀԿ-ին՝ համավարակի ժամանակ անգործության համար

ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարողացել ժամանակին կանխել կորոնավիրուսի տարածումը, ինչի արդյունքում համավարակը թափ է հավաքել։

Ամերիկացի պաշտոնյան այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայում, որն այս տարի անցկացվել է վիրտուալ ձևաչափով և նվիրված է ԱՀԿ գործունեության քննարկմանը։

Համաժողովին մասնակցումեն ԱՀԿ 194 անդամ-երկրների ներկայացուցիչներ։

«Մենք պետք է անկեղծորեն խոսենք գլխավոր պատճառներից մեկի մասին, թե ինչու է այդ բռնկումը դուրս եկել վերահսկողությունից,- ասել է Ազարը։- Այս կազմակերպությունը անընդունակ է եղել ստանալ այնպիսի տեղեկություններ, որոնց կարիքն ուներ ամբողջ աշխարհը, և այդ անկարողությունը բազմաթիվ մարդկանց կյանք է արժեցել»։

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը, որը վերջին շրջանում բազմիցս ստիպված է եղել պաշտպանելու իր երկրի գործողությունները համավարակի սկզբնական փուլում։ Նա հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունների հաղորդած տվյալները եղել են «առավելագույնս հավաստի և թափանցիկ», և կոչ է արել ցանկացած հետաքննություն հետաձգել այնքան ժամանակ, քանի դեռ համավարակը լիակատար վերահսկելի չի դարձել։

Սի Ձինպինը հավելել է, որ Չինաստանը երկու տարվա ընթացքում 2 մլրդ դոլար կուղարկի որպես օգնություն այն երկրներին, որոնք տուժել են համավարակից։ Նա նաև առաջարկել է կորոնավիրուսի պատվաստանյութը տրամադրել այլ պետությունների, հենց որ այն մշակվի։

ԱՄՆ Անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը Պեկինի այդ առաջարկները համարել է «իր պարտականությունները չկատարելու համար չինական կառավարությանը պատասխանատվության կանչելուց ուշադրությունը շեղելու փորձ»։

Փոխանցում է BBC-ն։