19.05.2020 16:57

Ահա եղբայր, քեզ մի (ԻՄ) դիմակ

Ահա եղբայր, քեզ մի (ԻՄ) դիմակ
Լուսանկարը` Սպուտնիկ Արմենիա կայքից

Կորոնավիրուսի համավարակի օրերին ամենատարբեր միֆեր եւ լեգենդներ են շրջանառվել, շրջանառվում եւ, ինչպես կանխատեսելի է` կլինեն էլի ու էլի:

Զուգահեռաբար՝ շատերն են արդեն նշել, որ այդ միֆերին հավատալուն հակված է  հանրային մի ահռելի զանգված, ինչին, ի դեպ, նպաստում են ոչ միայն, այսպես կոչված, հանրային որոշ դեմքեր, ովքեր տարատեսակ միֆերի գեներացնողներից եւ տարածողներից են, այլեւ որոշ ԶԼՄ-ներ, որոնք հրապարակում են այդ «դեմքերի մտքերը»:

Բայց ամենավատն այն չէ, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք ուղղակի հավատում են միֆերին, սարսափելին այն է, որ դա ազդում է նաեւ նրանց վարքի վրա: Եթե «վիրուս չկա, վիրուսի գոյության մասին պնդումները ինչ-որ ուժերի դավադրությունն են», մարդը հարկ չի համարում, հետեւաբար, ոչ դիմակ կրել, ոչ ձեռնոց, ոչ ուշադիր լինել դեմքին հպվելիս, ոչ խանութներում կամ այլ փակ տարածքներում, օրինակ, այլ մարդկանցից հեռավորություն պահպանել եւ չգնալ ընդհուպ հպվելով անցնել այլ անձանց կողքով:

Բայց այս ամենի մեջ մեկ այլ ընդգծված սարսափելի միտում կա: Արդեն որերորդ աահազանգն է հնչում, թե քանի որ որոշ վայրեր մուտք գործելու համար դիմակ կրելը պարտադիր է, ապա կան մարդիկ, որոնք փոխանցիկ դիմակներով են ներս մտնում: Այսինքն, մեկը մտավ բանկ, դուրս եկավ, իր դիմակը տվեց ուրիշին, եւ նա այդ դիմակով մտավ բանկ: Ու այսպես՝ հաջորդաբար:

Պարզ է, արդեն, որ եթե մարդը ոչ մի վիրուսի գոյությանը չի հավատում, դիմակ-ձեռնոց կրելը կհամարի որպես արարողակարգային ձեւական բան: Այսինքն, դիմակը պարտադի՞ր է, ահա ես դիմակով եմ, ինչ էական է` դա ինչ դիմակ է, որտեղից եւ այլն:

Բայց սա անգամ ավելի սարափելի երեւույթ է, քան իրար գլխի առանց դիմակ կուտակվելը: Որովհետեւ սա վիրուսի՝ «հրաշագեղ» արագությամբ տարածման եղանակ է: Սա այն դեպքն է, երբ եթե նախորդ կրողը վիրուս է ունեցել, ապա նրանից չվարակվելու ուղղակի որեւէ հնարավորություն չունես, սա վիրուսի տարածման ուղիղ` քթից-քիթ, բերանից-բերան տարածման ճանապարհ է:

Այս հարցում պարետատունը մեծ անելիք ունի: Սոցիալական գովազդներով, թե իրավապահների միջոցով, մարդկանց պետք է ամեն գնով հասկացնել, որ անգամ նման մեկ դեպքը ավելի վտանգավոր է, քան դիմակ չկրելը:

Թե ինչպես եւ ինչ միջոցներով սա կարվի, էական չէ, բայց եթե այս մասին արդեն մի քանի հանրային գրառումներ են եղել, նշանակում է՝ երեւույթը կա, եւ դրա դեմը պետք է առնել:

 

Արսեն Օհանյան