20.05.2020 14:37

Ոսկին՝ ընդդեմ Covid-19-ի․ Վենեսուելան Անգլիայի բանկից պահանջում է 1 մլրդի ոսկու ձուլածո

Ոսկին՝ ընդդեմ Covid-19-ի․ Վենեսուելան Անգլիայի բանկից պահանջում է 1 մլրդի ոսկու ձուլածո

Վենեսուելայի կենտրոնական բանկը դատարան է դիմել ընդդեմ Անգլիայի Բանկի՝ պահանջելով անհապաղ վերադարձնել  Վենեսուելայի ոսկու պաշարի մեկ միլիարդ արժողությամբ ձուլածոները։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ այդ միջոցներն ուզում են ծախսել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

Մայիսի 14-ին Վենեսուելայի կենտրոնական բանկը հայց է ներկայացրել Լոնդոնի առևտրային դատարան՝ պահանջելով ՄԱԿ-ին փոխանցել այն ձուլածոները, որոնք Անգլիայի Բանկը պահում է՝ ի թիվս մի շարք այլ զարգացող երկրների ոսկու պաշարների։

Սակայն Մեծ Բրիտանիան, ինչպես և ԱՄՆ-ը ու արևմտյան մի շարք այլ տերություններ, չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի կառավարության օրինակարգությունը։ Ուստի Անգլիայի Բանկը, որտեղ պահվում է 31 տոննա վենեսուելական ոսկի, 2018 թվականից հրաժարվում է ձուլածոները վերադարձնել Վենեսուելայի իշխանություններին։

Մի քանի շաբաթ առաջ Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ միջնորդ հանդիսանալու և Անգլիայի Բանկից ոսկին ստանալու խնդրանքով, որպեսզի այդ միջոցներն ուղղի բժշկական սարքեր, դեղորայք և սննդամթերք ձեռք բերելուն։ Հայցում նշվում է, որ ոսկին պետք է փոխանցվի «շտապ կարգով»։ « Խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է, ուստի այժմ քաղաքական միավորներ շահելու ժամանակը չէ»,- հայտարարել է լոնդոնցի փաստաբան Սարոշ Զաիվալլան, որը ներկայացնում է Վենեսուելայի կենտրոնական բանկը։

Փոխանցում է BBC-ն։