25.05.2020 15:45

ԱՄՆ-ը սպառնում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ-ը սպառնում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Վաշինգտոնը Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, եթե տեսնի, որ Հոնկոնգը զրկվում է ինքնավարության բարձր աստիճանից։

Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը NBC հեռուստատեսության եթերում։

Խոսելով չինական կողմի մասին՝ Օ’Բրայենը նշել է․ «Թվում է՝ ազգային անվտանգությանը վերաբերող օրենքի օգնությամբ նրանք, ըստ էության, մտադիր են զավթել Հոնկոնգը»։

Նրա խոսքով՝ եթե իրադարձություններն այդպես զարգանան, ապա ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն «հավանաբար՝ չի կարող պնդել, թե Հոնկոնգը պահպանում է ինքնիշխանության նշանակալի աստիճան, և եթե դա տեղի ունենա, պատժամիջոցներ կկիրառվեն Հոնկոնգի և Չինաստանի դեմ»։

Օ’Բրայենը նշել է, որ «Չինաստանն այլ երկրների կապիտալի կարիքն ունի՝ տնտեսությունը զարգացնելու և միջին խավը ընդլայնելու համար»։ Նրա կարծիքով՝ «կապիտալից զրկվելը» հարված կլինի չինական ղեկավարության համար։

Փոխանցում է tass.ru-ն։