25.05.2020 16:48

Լիզա Ճաղարյան. Գողե՛րն են գոռում՝ բռնեք գողին

Լիզա Ճաղարյան. Գողե՛րն են գոռում՝ բռնեք գողին

Ի՞նչ կատարվեց երեկ Կապանում։ Առաջին հայացքից՝ ոչ մի արտառոց բան. ձերբակալել են ինչ-որ մարդկանց, նրանց հարազատներն ու մտերիմները հավաքվել են ոստիկանական բաժանմունքի առաջ եւ պահանջում են ազատ արձակել նրանց։ Արդար է նրանց պահանջը, թե անարդար, ձերբակալվածներն անմեղ են, թե մեղավոր՝ թող դատարանը պարզի (հուսանք՝ ի վիճակի է)։

Այնուհանդերձ, երեկվա այդ աղմուկն արտառոց խայտառակություն էր, որովհետեւ, հիշեցնեմ, Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, եւ ըստ արտակարգ դրության առաջադրած պահանջների՝ մարդկանց այդօրինակ կուտակումներն օրենքի կոպիտ խախտում են գնահատվում։

Պե՛տք է, որ օրենքի կոպիտ խախտում գնահատվեն՝ սրանից բխող անհրաժեշտ պատիժների կիրառմամբ։

Ի՞նչ տեսանք։ Ինչպես գրեթե ամեն օր ենք տեսնում՝ ոստիկանության կատարյալ անտարբերություն լկտի անօրինության նկատմամբ։

Ովքե՞ր էին այդ թամաշայի կազմակերպիչները։ Սա է՛լ տեսանք։ Կազմակերպիչները ՀՀԿ-ական տեղական պաշտոնյաներ էին, հե՛նց նրանք, ովքեր ոչ միայն պարտավոր են կատարել արտակարգ դրության պայմանների պահանջած խստացումները, այլեւ պարտավոր են նույնը պահանջելու այն քաղաքացիներից, որոնց գլխին ղեկավար են կարգված։

Այսինքն, արձանագրենք՝ երեկ Հայաստանի քաղաքացիները տեսան, որ օրենքի պահպանման պատասխանատուներն էին հասարակությանը մղում օրինախախտման։

Է՞լ ինչ տեսանք։

Տեսանք ու լսեցինք բոլորիս հայտնի այն լրատվամիջոցների եւ սրանց էջերում «մշտական տոմս» ունեցող խաժամուժի աղմուկ-աղաղակն ու հիստերիկ խանդավառությունը։ Ինչու՞ էին խանդավառվել։ Շատ պարզ. երջանկությունից գլուխները կորցրել էին, որ Հայաստանի քաղաքներից մեկում օրենք են խախտում, երեւի «երանելի» ժամանակներն էին հիշում, երբ երկրի ղեկին էին ու «ինչքան ուզում՝ էնքան էլ խփում էին»։ Հիշեցնեմ, սրանք այն նույն ուժերն են, որ իրենց «ընդդիմադիր» են հռչակել եւ օրուգիշեր զբաղված են ներկա իշխանությունների «օրինախախտումների» պեղմամբ։

Արդեն երկու տարի է անգիր գիտենք այս «ընդդիմադիր» կոչեցյալների շնորհիվ, որ կոռուպցիան հանցագործություն չէ, որ մարդասպանությունը ոճրագործություն չէ, որ ջեբկիրությունը «բարի, գեղեցիկ ազգային ավանդույթ» է, եւ այս իշխանության օրոք բոլոր դատապարտվածները կամ դատապարտվելիքները հերոսներ են։ Որովհետեւ նախկին իշխանությունների ավազակախմբի անդամներ են. սա էլ գիտենք։

Անհնարինն ակնհայտ է. այսօր Հայաստանում ընդդիմադիր են «աշխատում» նրանք, ովքեր ե՛ւ իրենց իշխանավարության շրջանում էին ամեն քայլափոխի ոտնատակ տալիս իրենց իսկ հռչակած օրենքները, ե՛ւ իշխանությունից զրկվելուց հետո են լծվել ակնհայտ հանցագործների ու ոճրագործների պաշտպանության «սուրբ» գործին՝ ամեն օր ու ամեն ժամ վարկաբեկելով «ընդդիմադիր» ասվածը եւ մինչ այս խաժամուժի «հայտնությունը»՝ նաեւ հպարտությամբ գնահատվածը։

Ավելին. գաղտնիք չէ, որ Հայաստանի լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ծառայում է այս «ընդդիմադիրներին» (բոլորիս հայտնի «յուղոտ» պատճառով), եւ երեկ բոլորս ականատեսը դարձանք Կապանում սանձազերծված ակնհայտ օրինախախտումները հորթային հրճվանքով հովանավորող ու քաջալերող լրագրողների տեքստերի ու ուղիղ եթերների։

Ահա այսպես. գողե՛րն են գոռում՝ բռնեք գողին։

Եվ դեռ գոռալու են, ավելի՛ բարձր են գոռալու, որովհետեւ ինչպես իրենց իշխանության օրոք էին լկտիացել անպատժելիության զգացումից, նույնն էլ՝ հիմա են։

Պատժող չկա։