25.05.2020 17:29

Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինը

Ջոնսոնի խորհրդականը խախտել է կարանտինը

Բրիտանիայում թափ է հավաքում վարչապետ Բորիս Ջոնսոնի օգնական և Brexit-ի -ճարտարապետ Դոմինիկ Քամմինգսի շուրջ ծավալվող սկանդալը։

Բանն այն է, որ երկրում հայտարարված կարանտինին հակառակ՝ Քամմինգսը մեկնել է մեկ այլ քաղաք՝ այցելելու հարազատներին։ Ընդ որում՝ կիրակի օրը բրիտանական մամուլը տեղեկացրել է, որ նա այդ բանն արել է երկու ագամ, և բրիտանական տարբեր շրջանակներում՝ սոցցանցերի սովորական օգտատերերից մինչև քաղաքական գործիչներ, հնչում են նրա հրաժարականի պահանջներ։

Բորիս Ջոնսոնը փորձում է ամեն կերպ արդարացնել գործընկերոջը․ ըստ Ջոնսոնի՝ Քամմինգսը պարզապես ստիպված է եղել իր փոքրիկ որդուն տանել ծնողների մոտ՝ Դարեմ, երբ իր և կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնվել։

Սակայն վարչապետի այս հայտարարությունն ավելի է բորբոքել բրիտանական սոցցանցերի օգտատերերին։ «Եթե վարչապետի գլխավոր խորհրդականը կորոնավիրուսով անցնում է ամբողջ երկրով մեկ, ապա հաստատ՝ պետք է շատ զգոն լինել»,- Twitter-ում գրել են Brexit-ի հակառակորդների երգիծական ընկերության ակտիվիստները։

Անգլիկանյան եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դատապարտել են Բորիս Ջոնսոնի արձագանքը, իսկ հոգևորականներից մեկն ասել է, որ վարչապետը մարդկանց ապուշի տեղ է դրել։

Փոխանցում է BBC-ն։