26.05.2020 12:53

Ջոնսոնի խորհրդականը մտադիր չէ հրաժարական տալ

Ջոնսոնի խորհրդականը մտադիր չէ հրաժարական տալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդական Դոմինիկ Քամմինգսը, որին բրիտանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները մեղադրում են կարանտինը խախտելու մեջ, հայտարարել է, որ չի զղջում իր արարքի համար և կառավարության ղեկավարին չի խնդրի իրեն ազատել աշխատանքից։

Այս շաբաթ բրիտանական մամուլը տեղեկացրել էր, որ մարտ ամսին Քամմինգսը մեկնել էր Լոնդոնից 460 կմ հեռու ապրող իր ազգականների մոտ՝ Դարեմ քաղաք, թեև այդ ժամանակ Բրիտանիայում կարանտինային խիստ սահմանափակումներ էին մտցված՝ կորոնավիրուսի առնչությամբ։

Արդյունքում՝ Բրիտանիայում աղմկոտ սկանդալ սկսվեց, և Քամմինգսի հրաժարականը պահանջեցին ոչ միայն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության անդամները, այլև մի քանի պահպանողականներ։

Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում Քամմինգսը հայտարարել է, որ իր գործողություններն արդարացված են եղել, քանի որ թելադրված են եղել բացառիկ հանգամանքներով։ Նա պնդել է, որ որոշել էր իր չորսամյա որդուն տանել Դարեմի իր հարազատների մոտ, քանի որ իր և իր կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել, և ինքը վախեցել էր, որ եթե հիվանդանոցում հայտնվեն՝ երեխայի մասին հոգացող չի լինի։

Փոխանցում է BBC-ն։