26.05.2020 18:41

Առաջինը լինելու նուրբ արվեստը

Առաջինը լինելու նուրբ արվեստը

Նիկոլ Փաշինյանն ասում է` ինչքա՞ն պիտի հերքենք, ամեն օր ստեր պիտի հերքե՞նք:

Ճիշտ է, անընդհատ հերքումները սխալ ճանապարհ են:

Բայց ինչո՞ւ է այդպես ստացվել, որ քարոզչական դաշտում իշխանությունը հայտնվել է ստեր հերքողի կարգավիճակում: Միայն այն պատճառով, որ նրա «քաղաքական» հակառակորդները ունակ են ստեր տարածել:

Իշխանության գալու առաջին իսկ օրվանից իշխանությունները, բնականաբար, հայտնվել են նախորդների քարոզչական թիրախում: Բայց իշխանության գալու առաջին իսկ պահից իշխանությունները վարել եւ վարում են տեղեկատվական, մեղմ ասած՝ անարդյունավետ ռազմավարություն, ինչն էլ հնարավորություն է տվել եւ տալիս նախորդներին՝ «տիրելու» ցանկացած ինֆորմացիայի՝ սեփական հայեցողությամբ:

Ինֆորմացիան նրանն է, ով առաջինն է այն ներկայացնում, ընդ որում` ներկայացնում տեղի ունեցած ցանկացած իրադարձության, այսպես ասած՝ սեփական մեկնաբանությունը: Դա շատ լավ գիտեն նախորդ իշխանությունները եւ կիրառում են դա գործականում:

Եւ եթե դա չի անում իշխանությունը, բնական է, որ դա անում են իր դեմ:

Ուղղակի նայենք 2018-ի մայիսից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը՝ այս կամ այն պաշտոնյային, աշխատողին աշխատանքից հեռացնելու, այս կամ այն անձի դեմ քրեական գործ հարուցելու, այս կամ այն օրենսդրական նախաձեռնությունը, կոնվենցիան, հայտարարությունը, այս կամ այն իրադարձությունը եւ այլն:

Հարյուրավոր են օրինակները, երբ դրանց վերաբերյալ առաջին «ինֆորմացիան» հաղորդել են նախորդները` սեփական մեկնաբանությամբ, ասել է թե` քաղաքական օրակարգի համատեքստում, եւ դրանից հետո իշխանությունը ստիպված է եղել ոչ թե իրադարձության բուն էությունը ներկայացնել, այլ ՀԵՐՔԵԼ առաջին ինֆորմացիայի բովանդակությունը` փաստացի մտնելով նախորդների կողմից թելադրվող քաղաքական օրակարգի մեջ:

Վերջին ամենաթարմ օրինակը. մինչ իշխանությունները լուռ էին, Կապանում ցույց էր տեղի ունենում: Եւ չեզոք, անտեղյակ մարդը առաջինը ստանում էր նախորդների եւ նրանց հարակից շրջանակների տարածած տեղեկատվությունը, այն է, թե՝ իշխանությունները ապօրինաբար քաղաքական հետապնդումներ են սկսել Քաջարանի անմեղ եւ աշխատասեր, «եկեղեցի կառուցած» քաղաքապետի դեմ, բռնությամբ բերման են ենթարկել նրա կողմնակիցներին, եւ ահա նրա հարյուրավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց անմեղ, բարի, աշխատասեր, «եկեղեցի կառուցող» քաղաքապետին սատարելու համար:

Ու մինչ իշխանությունները խոսեցին, առաջինը դուրս սպրդած ինֆորմացիան թեւածում էր ամբողջ Հայաստանում:

Սա ընդամենը մի օրինակ էր, ամենաթարմը: Բայց նման օրինակները այս երկու տարում, ինչպես նշեցինք, հարյուրավորներ են:

Ընդ որում, մենք չենք քննարկում եւ պնդում, թե իշխանության բոլոր նախաձեռնությունները լավն են/էին, մենք քննարկում ենք դրանց ներկայացման քարոզչական-տեղեկատվական տեխնոլոգիաները:

Իսկ այդ տեխնոլոգիաների առումով անգամ ամենաֆանտաստիկ նախաձեռնությունները կարելի է շրջել ոտից գլուխ, խեղաթյուրել եւ մանիպուլացնել:

Եւ եթե իշխանությունները իրապես չեն ցանկանում անդադար հանդես գալ միայն հերքողի դերում, մնալ սոսկ հերքողի կարգավիճակում, ուրեմն պիտի փոխեն տեղեկատվական իրենց ռազմավարությունը, նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, եւ հենց իրենք առաջինը ներկայացնեն ինֆորմացիան:

Հակառակ դեպքում չպիտի զարմանան, թե ինչպես է ստացվում, որ դաշտը լցվում է ամենատարբեր ստերով: Դա տեխնոլոգիա է: Քարոզչական տեխնոլոգիա: Եւ այստեղ հաղթում է նա, ով տիրապետում է առաջինը լինելու նուրբ արվեստին:

Արսեն Օհանյան