29.05.2020 15:52

Եվրամիության առաջնորդները՝ «նույն նավում»

Եվրամիության առաջնորդները՝ «նույն նավում»

Եվրահանձնաժողովն առաջարկել է կապիտալի շուկայում 750 մլրդ եվրո պարտք վերցնել՝ Եվրամիությունում կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Դա նշանակում է, որ բոլոր անդամ-երկրները ընդհանուր պարտք են ունենում, ինչը երբևէ չի եղել։

«Սա արդեն անընդմեջ երրորդ ճգնաժամն է տասնամյակի ընթացքում, դրան հարկավոր է բոլորովին այլ կերպ արձագանքել, քան նախորդների՝ ֆինանսական և միգրացիոն ճգնաժամերի դեպքում էր»,- հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան։

Այժմ Եվրամիության երկրները մուտք են գործում երկարատև բանակցությունների փուլ։ Առաջին հերթին՝ Բրյուսելի նախաձեռնությանը պետք է հավանություն տան  պետությունների ու կառավարությունների ղեկավարները։ Նրանք գագաթնաժողով կանցկացնեն հունիսի կեսերին։

Հարավային երկրներն առանց այդ էլ մեծ պարտքեր ունեն։ Նոր պարտքը չի ուզում կիսել, այսպես կոչված՝ «խնայող քառյակը»՝ Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Դանիան։

«Շվեդիան Covid-19-ի դեմ պայքարի սեփական ուղին է ընտրել, սակայն տնտեսական առումով նա էլ նշանակալի չափով բոլորի հետ նույն նավում է,- ասել է Եվրոպական ինվեստիցիոն բանկի փոխտնօրեն, ֆինն քաղաքական գործիչ Ալեքսանդր Ստուբբը։- Ես հասկանում եմ, թե ինչ հաշվարկ է արել Շվեդիան, բայց մեզ բոլորիս համար էլ նույնքան դժվար է։ Այն, ինչ կատարվում է Իտալիայում, ինչ կատարվում է Իսպանիայում, հետևանքներ կթողնի ինչպես Դանիայի, այնպես էլ Շվեդիայի վրա։ Կարծում եմ, ի վերջո՝ նրանք բոլորն էլ նավ կբարձրանան»։

Երբ ԵՄ բոլոր 27 անդամ-պետությունների ստորագրությունը լինի, իր ծանրակշիռ խոսքը կասի Եվրախորհրդարանը։ Եվ եթե խոչընդոտներ չլինեն, ապա համավարակից Եվրամիությունը ոտքի հանելու համար փողը կսկսի հոսել 2021 թ․ հունվարից։

Փոխանցում է euronews-ը։