01.06.2020 16:06

Թրամփ․ ԱՄՆ-ը «Անտիֆա» շարժումը ահաբեկչական կազմակերպություն կհայտարարի

Թրամփ․ ԱՄՆ-ը «Անտիֆա» շարժումը ահաբեկչական կազմակերպություն կհայտարարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Անտիֆա» կազմակերպությունը կճանաչի ահաբեկչական կազմակերպություն։

«Անտիֆա»-ն «Անտիֆաշիստական- հակաֆաշիստական գործողություն» բառակապակցության կրճատ ձևն է։ Դա միջազգային շարժում է, որը հանդես է գալիս ընդդեմ նեոնացիստների, ֆաշիզմի, ռասիզմի և մյուս ռասաների նկատմամբ սպիտակ ռասայի գերազանցության գաղափարի։ Շարժման մասնակիցների մեծ մասը Ամերիկայում հանդես է գալիս նաև ընդդեմ Թրամփի քաղաքականության, որը նրանք համարում են ազգայնական և հակամուսուլմանական։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում բռնկված անկարգությունները կազմակերպում են «Անտիֆան» և «այլ արմատական խմբավորումեր»։

«ԱՄՆ-ը «Անտիֆան» կհամարի ահաբեկչական կազմակերպություն»,- կիրակի օրը Twitter-ում գրել է Թրամփը։

Շաբաթ օրը Թիմ Ուոլզը՝ Մինեսոթայի նահանգապետը, որտեղ սկսվել էին այնուհետև ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում ծայր առած բողոքի ցույցերը, հայտարարել էր, որ փողոցներում կատարվող բռնություններն ու անկարգությունները արդեն կապ չունեն Ջորջ Ֆլոյդի սպանության հետ, այլ կազմակերպվում են քաղաք ժամանած՝ սպիտակ ռասայի գերազնացության գաղափարի կողմնակիցների և թմրակարտելների անդամների կողմից։

Փոխանցում է BBC-ն։