01.06.2020 16:17

Վիրուսը՝ որպես նախկինների «փրկօղակ»

Վիրուսը՝ որպես նախկինների «փրկօղակ»

Չէ, նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համար ակտիվիզմով զբաղվողները ուղղվողը չեն: Եւ կորոնավիրուսի ճգնաժամը օր օրի ապացուցում է դա: Այս մարդիկ կորոնավիրուսին հավասար խնդիրներ են փորձում ստեղծել` ռեւանշի իրենց մտադրությունը գերադասելով անգամ մարդկային կյանքերից:

Քաղաքական պայքարը դեռ մի կողմ, յուրաքանչյուրն էլ կարող է մղել այդպիսի պայքար: Բայց խնդիրն այլ  է: Ուզենք-չուզենք, դուր գա դա մեզ, թե ոչ` բայց փաստ է, որ նախկիններն ունեն տեղեկատվական ամենամեծ ռեսուրսը:

Ընդ որում՝ ունեն բոլոր հնարավոր տեղեկատվական միջոցները:

Եւ ի՞նչ են անում նրանք: Զբաղված են ամենահակասական տեղեկությունները տարածելով, լուսաբանում են ցանկացած մեկի կատարյալ ցնդաբանությունները վիրուսի եւ դրա ընթացքի վերաբերյալ, շահարկում են  ցանկացած իրադարձություն, եւ միայն կույրը չի տեսնի, որ այդ ամենի նպատակը հանրության շրջանում շփոթ առաջացնելն է: Ճիշտ է, իրենց մեղադրանքներից մեկն էլ այն է, թե իշխանությունները չեն կարողանում ապահովել հանրության կարգապահությունը, բայց, չգիտես ինչու, չնկատելու են տալիս այն պարզ իրողությունը, որ շատ մարդիկ անկարգապահ են նաեւ իրենց մատուցած տեղեկատվության շնորհիվ: Տեղեկատվություն, որի արդյունքում սովորական քաղաքացին պիտի չհավատա վիրուսի գոյությանն ընդհանրապես, ընկնի դավադրապաշտությունների գիրկը, անգամ վարակվելու եւ հիվանդանոցում հայտնվելու պարագայում հրաժարվի բուժումից, իսկ ամենավատ ելքի դեպքում դա նույնպես «բարեհաջող» շահարկեն:

Ու ոչինչ, որ մարդկանց նման վարքի մղողներն իրականում իրենք լավ էլ պաշտպանվում են վիրուսից: Բայց մարդիկ հո այդ մասին չգիտեն: Կարեւորը, որ մարդիկ անընդհատ կասկածի ու շփոթի մեջ լինեն:

Իսկ գուցե նախկիններին հենց դա էլ պե՞տք է: Ոչ միայն չօգնել կամ գոնե լռել,  այլ, հակառակը, նպաստել, որ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդանա: Որպեսզի մարդկանց կյանքն ու առողջությունը շահարկելու հնարավորություն ունենան` իրականում անտարբեր լինելով մարդկանց կյանքի եւ առողջության հանդեպ:

Որովհետեւ եթե անտարբեր չլինեին, ապա չէին դարձնի դա ներքաղաքական պայքարի գործիք: Տեղեկատվական անդադար հոսքերով չէին մղի մարդկանց անկարգապահության եւ անուշադրության, առժամանակ դադար կտային եւ իրենց քաղաքական պայքարը կվերսկսեին այն ժամանակ, երբ վիրուսը նահանջեր:

Բայց դե երբ վիրուսը նահանջի, խնդիրներն էլ կսկսեն նվազել: Բա այդ ժամանակ ի՞նչ պիտի շահարկեն: Շահարկման թեմաները կնվազեն: Իսկ հիմա լավ է. թեմաները շատ են, ճգնաժամ է, իսկ այդտեղ իրենք իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Ուստի եւ իրենց տեղեկատվությամբ ամեն կերպ մղում են մարդկանց դեպի վարակը, ամեն բան անում են, որ մարդիկ պակաս զգոն լինեն, վարակվեն, հետեւաբար եւ մահվան թվերն էլ շատանան, որովհետեւ ինչքան մեծ լինի մահացած անձանց թիվը, այնքան իրենք ավելի շատ շահարկումների առիթներ կստանան: Եւ ամենեւին չենք զարմանա, որ նրանք ամեն առավոտ ձեռքերը շփելով եւ երնեկ տալով են սպասում մահվան թվերին: Չէ՞ որ դա հիմա իրենց ամենամեծ զենքն է իշխանության դեմ պայքարում:

 

Արսեն Օհանյան