02.06.2020 11:52

Բրիտանիան դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7

Բրիտանիան դեմ է, որ Ռուսաստանը վերադառնա G7

Բրիտանական կառավարությունը չի պաշտպանում «Մեծ յոթնյակում» Ռուսաստանի անդամությունը վերականգնելու գաղափարը, երեկ հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ աշխարհի խոշոր տերությունների ղեկավարների գագաթնաժողովն ընդունող երկիրը իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ում է հրավիրում։

Այս տարի G7-ի հերթական հավաքն ընդունելու և այնտեղ նախագահելու է Դոնալդ Թրամփը։

Մայիսի 30-ին ամերիկյան նախագահն առաջարկել է Covid-19-ի համավարակի պատճառով «յոթնյակի» վաշինգտոնյան գագաթնաժողովը հունիսի վերջից տեղափոխել աշուն և հիմնական մասնակիցներից բացի՝ հրավիրել նաև Ռուսաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Հնդկաստանի առաջնորդներին։

Ի պատասխան՝ Դաունինգ-սթրիթի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ գագաթնաժողովում Ռուսաստանի առաջնորդի ներկայության վերաբերյալ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվել։

 «Ռուսաստանը G7-ից հեռացվել է 2014 թ․ Ղրիմի անեքսիայից հետո և մինչ օրս իր վարքագծում որևէ փոփոխություն չի դրսևորել, ինչը կարող էր արդարացնել նրա վերադարձը,- ասել է նա։- Մենք չենք պաշտպանի նրա վերադարձը՝ որպես այդ խմբի անդամ»։

Փոխանցում է BBC-ն։