02.06.2020 14:43

Լիզա Ճաղարյան. Խառնակույտին կանգնեցնող չկա

Լիզա Ճաղարյան. Խառնակույտին կանգնեցնող չկա

90-ականների սերնդիս ծանոթ է այս իրավիճակը. Արցախում ու Հայաստանի սահմաններին դաժան պատերազմ էր, իսկ Երեւանի կենտրոնում «փրկիչները» հանրահավաքներ էին կազմակերպում գրեթե համաժողովրդական միակամությամբ ընտրված իշխանությունների դեմ։

Հիմա էլ է պատերազմ։ Այս անգամվա պատերազմը նույնքան նենգ ու վտանգավոր, բայցեւ՝ անտեսանելի ու աննյութեղեն թշնամու դեմ է. սրա անունը Կովիդ 19 է, ողջ մոլորակի կոկորդից է բռնել, բայց «ընկերովի մահը հարսանիք է» ասելը չի մխիթարում։

Իրենք իրենց «ընդդիմություն» հռչակած այսօրվա «փրկիչները» տարբերվում են 90-ականների «փրկիչներից»։ Եթե 90-ականներինը նոր-նոր անկախացած Հայաստանում իրենց քաղաքական կենսագրությունը «կերտելու» ճանապարհի սկզբին էին, եւ հետագայում էր երեւալու այս ուժերի հերոսական կամ հանցավոր գործունեությունը, ապա հիմիկվանը «պարծենալու» լիքը պատճառներ ունի. սրանք ասպարեզ են նետվել Հայաստանի հասարակության նկատմամբ սանձազերծած հանցագործությունների մի հսկայական բեռ իրենց ուսերին առած, եւ սրանց որդեգրած անբարո կեցվածքն իրոք աննախադեպ է։

Խոսքն ամենեւին էլ այս խառնակույտի եղկելի բառապաշարի, ոչ էլ անսահմանության ձգտող անամոթ ցուցքերի մասին է առ այն, որ իրենց միավորել է սեփական թաթերով թալանած ու բարոյապես հյուծած Հայաստանի նկատմամբ անզուսպ սերը։

Սրանց վարած «ընդդիմադիր պայքարը» կես քայլ է բաժանում պետական դավաճանությունից։ Եթե իհարկե՝ բաժանում է։

Սա նոր բան չէ։ Հեղափոխության հենց հաջորդ օրվանից այս «ընդդիմադիրները» ու սրանց մատուցած ստվերային «հոնորարների» առատությունից մարդկային կերպարանքը կորցրած, այսպես կոչված՝ լրագրողներն անթաքույց լծվեցին Հայաստանի դեմ «դրսից տղա բերելու» գործին եւ մինչեւ հիմա էլ անպատիժ ու անարգել շարունակում են իրենց «հայրենափրկիչ» գործունեությունը։ Խոշորացույցի օգնությանը դիմելու կարիք չկա՝ տեսնելու համար, որ սրանք պատրաստ են սկուտեղի վրա օտարին հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը, միայն թե՝ տարիներով կուտակած իրենց թալանը ձեռքներից չխլեն։ Չեն էլ թաքցնում։ Չեն թաքցնում ո՛չ իրենց հորթային հրճվանքը, երբ որեւէ «դրսի տղա» մատ է թափ տալիս Հայաստանի վրա, ո՛չ էլ իրենց ջանքերն են թաքցնում՝ «դրսի տղաներ» պեղելու ու հանրությանը սրանց հակահայկական սպառնալիքները ներկայացնելու համար։

Եվ շարունակում են նորանոր «բարձունքներ» նվաճել։  Այնպիսի «բարձունքներ», որ նույնիսկ սկսել են զարմացնել հանրության այն մեծ հատվածին, որը վաղուց ի վեր գիտեր՝ ոչ մի նենգություն, ստորություն, սրիկայություն ու ոճրագործություն խորթ չէ սրանց ծախու հոգիներին։

Սրանք արդեն ուզում են «տղա բերել» Ադրբեջանից։ Չեն էլ թաքցնում իրենց այս հրեշավոր նպատակը։ Մեկը բացեիբաց պատմում է մեր «հարեւաններին», որ մեր ունեցածը զենք չի՝ անպետք մետաղի ջարդոնի կույտ է, մյուսը գլխի է գցում, որ կորոնավիրուսը պինդ է բռնել Հայաստանի կոկորդից եւ իսկուիսկ հարմար պահ է՝ հարձակվելու ու Սեւանի ափին «չայ խմելու» համար։

Եվ թե է՛լ ինչ ու ինչպիսի պետական դավաճանություն են նախապատրաստում այս «փրկիչներն» ընդդեմ Հայաստանի, պատկերացնել կարող ենք, բայց մեր ամենախորաթափանց կանխագուշակումն անգամ, միեւնույն է՝ չի հասնի սրանց ստորագույն նենգությունների ունակության նույնիսկ մատույցներին։

Սակայն, մի բան հաստատ գիտենք. կանգ չեն առնելու։ Իսկ կանգ չեն առնելու ոչ թե այն պատճառով, որ հանցագործների ու թափթփուկների այս խառնակույտն անկասելի է ու հզոր, այլ որ, որքան էլ ողբերգազավեշտալի թվա՝ կանգնեցնո՛ղ չկա:

Առողջ եղեք։