02.06.2020 16:43

Դեմոկրատներն ու իրավապաշտպանները քննադատում են բանակը կիրառելու՝ Թրամփի որոշումը

Դեմոկրատներն ու իրավապաշտպանները քննադատում են բանակը կիրառելու՝ Թրամփի որոշումը

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը (դեմոկրատ՝ Վաշինգտոն նահանգից) դիկտատուրայի դրսևորում է անվանել  անկարգությունները դադարեցնելու նպատակով բանակն օգտագործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները և իրավապաշտպանները քննադատության են ենթարկել Թրամփի ուղերձը հայրենակիցներին, որի ընթացքում նա հնարավոր է համարել բանակի ներգրավումը ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։

 «Երկրի ներսում զինված ուժերի օգտագործումը չափազանց լուրջ հարց է, որն այդպես անփութորեն չի լուծվում։ Դա Ամերիկային հարիր չէ՝ զինծառայողներին օգտագործել՝ քաղաքացիական անձանց ճնշելու համար, ինչպես առաջարկում է նախագահը։ Մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, այլ ոչ թե դիկտատուրայի պայմաններում»,- հայտարարել է Ադամ Սմիթը։

Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միություն (ACLU) իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Էնթոնի Ռոմերոն հայտարարել է, որ երկիրը «կարիք չի զգում  այնպիսի ավտորիտար մեթոդների, ինչպիսին ռազմական ինտերվենցիան է, որպեսզի այլախոհներին ստիպի լռել»։

Հանրապետականները, բնականաբար, պաշտպանել են իրենց կուսակից նախագահին։

 

Փոխանցում է tass.ru-ն։