03.06.2020 14:06

Արդյո՞ք զորք կմտցվի Նյու Յորք

Արդյո՞ք զորք կմտցվի Նյու Յորք

ԱՄՆ-ում չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ ռասիզմի և ոստիկանական բռնությունների։

Տասնյակ քաղաքներում երեկ երեկոյան ժամը 20։00-ից պարետային ժամ է մտցվել՝ կողոպուտն ու վանդալիզմը դադարեցնելու նպատակով։ Սակայն ցուցարարներից շատերը պարետային ժամը բանի տեղ չեն դնում։

ԱՄՆ 29 նահանգներում տեղակայվել է 18 հազար զինվորական, որոնք աշխատում են ոստիկանության հետ միասին։ Պենտագոնը տեղեկացրել է, որ մոտավորապես 1 600 զինվոր տեղակայվել է Վաշինգտոնի շրջանում։

Երեկ Նյու Յորքում կոշտ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Ցուցարարները ջարդուխուրդ են արել ցուցափեղկերը և թալանել Հինգերորդ ավենյուի խանութները։ Բախումներ են տեղի ունեցել «Թրամփ Ինթերնեշլ» հյուրանոցի մոտ։

ԶԼՄ-ները հաղորդում են Չիկագոյում երկու ցուցարարի սպանության մասին։ Վաշինգտոնում մարդիկ, հաշվի չառնելով պարետային ժամը, հավաքվել են Սպիտակ տան մոտ։ Լոս Անջելեսում նույնպես խանութներ են թալանում։

Թրամփը կոչ է արել Ազգային գվարդիան մտցնել Նյու Յորք։ Դրան պետք է համաձայնություն տա նահանգապետ Էնդրյու Քուոմոն, որն առայժմ նման տարբերակի համաձայն չէ։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել է, թե նահանգապետը «հրաժարվում է գործի դնել  ազգային գվարդիան», և որ «Նյու Յորքը ոչնչացնում են»։

Փոխանցում է BBC-ն։