03.06.2020 14:44

Ռուսաստան․ «Ինքնապաշտպանական ռեժիմը» Մոսկվայում կերկարացվի մինչև աշուն

Ռուսաստան․ «Ինքնապաշտպանական  ռեժիմը» Մոսկվայում կերկարացվի մինչև աշուն

Մոսկվայում «ինքնապաշտպանական ռեժիմը» հարկ կլինի պահպանել՝ մինչև Covid-19-ի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը, ինչը կարող է լինել, լավագույն դեպքում՝ աշնանը, երեքշաբթի կանխատեսել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ժամանակավոր հիվանդանոցները կպահպանվեն մինչև եկող տարի։

«Ես հույս ունեմ, որ աշնանը Մոսկվան կստանա պատվաստանյութի առաջին խմբաքանակը, ինչը կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ հիմքը։ Բայց մինչ այդ, միևնույն է, անհրաժեշտ է պահպանել քաղաքացիների ինքնապաշտպանական հատուկ ռեժիմը»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Մինչդեռ կինոթատրոնները կարող են բացվել արդեն հուլիսին, թատրոնները՝ աշնանը։

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 8 863 նոր դեպք, ինչը 172-ով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից։

Մեկ օրվա ընթացքում առողջացել է 11 108 մարդ, մահացել 182 հիվանդ։ Մահերի ընդհանուր թիվը՝ 5 037 մարդ։

Փոխանցում է BBC-ն։