03.06.2020 16:36

Լեհաստան․ Նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին

Լեհաստան․ Նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին

Լեհաստանում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային մայիսի 10-ին։ Սակայն համավարակի և ընդդիմության հետ ու իշխող դաշինքի ներսում քաղաքական տարաձայնությունների պատճառով իշխանությունները չկարողացան ժամանակին կազմակերպել ընտրությունները, և քվեարկություն տեղի չունեցավ։

Նոր ժամկետ է ընտրվել 2020 թ․ հունիսի 28-ը։

Ընտրությունների մասին նոր օրենքի համաձայն՝ նախկինում գրանցված թեկնածուները կարող են ընտրապայքարը շարունակել առանց կրկին գրանցվելու և ստորագրություններ հավաքելու։ Նախագահական աթոռի համար պայքարին կարող են մասնակցել նաև նոր հավակնորդներ։

Այս պահի դրությամբ՝ հայտնի է նախագահի պաշտոնի տասը թեկնածու։ Գործող նախագահ Անջեյ Դուդան երկրորդ ժամկետի համար է պայքարում։ Վերջին հարցումների համաձայն՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41 %-ը։

Դուդայի գլխավոր մրցակիցը խոշոր ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունից Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին է, նրան պատրաստ է աջակցել ընտրողների 26,1 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։