03.06.2020 18:38

Կորոնավիրուս․ Ֆրանսիայում բացվել են սրճարանները, Ճապոնիայում՝ ամենաբարձր օրական ցուցանիշը

Կորոնավիրուս․ Ֆրանսիայում բացվել են սրճարանները, Ճապոնիայում՝ ամենաբարձր օրական ցուցանիշը

Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 6 միլիոնից, մահացել է ավելի քան  377 հազար մարդ։

Ֆրանսիայում երեքշաբթի օրվանից մարդիկ կրկին կարող են այցելել սրճարաններ ու ռեստորաններ, իհարկե՝ սահմանափակումներով՝ միայն բացօթյա,  սեղանիկները պետք է լինեն իրարից առնվազն մեկ մետր հեռավորությամբ։ Տեղաշարժվել կարելի է միայն 100 կմ շառավղով։ Նաև բացվում են լողափերը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակման 30 նոր դեպք․ դա վերջին երեք շաբաթների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Համավարակի սկզբից ի վեր՝ Ճապոնիայում Covid-19 է հայտնաբերվել 16 835 մարդու մոտ, մահացել է 902 մարդ։

Բրիտանիայում, երկրի Վիճակագրության ազգային բյուրոյի վերջին պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 50 հազարի։ Ընդ որում, գիտնականները պարզել են, որ Բրիտանիայում մահացության մակարդակը ավելի բարձր է էթնիկ փոքրամասնությունների շրջանում, քան սպիտակամորթների։ Ամենաշատը ռիսկի տակ են բանգլադեշցիները։

«Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, այլ ասիական երկրների, ինչպես նաև Կարիբյան կղզիների և աֆրիկյան երկրների արմատներ ունեցող մարդիկ  10-50 %-ով ավելի շատ են ռիսկի տակ, քան սպիտակամորթ բրիտանացիները»,- ասվում է Անգլիայի հանրային առողջապահության ծառայության հաշվետվության մեջ։

Մահացության ամենակարևոր գործոնը տարիքն է․ 70-80 տարեկան մարդիկ ավելի հաճախ են մահանում, քան, ասենք, 40 տարեկանները։ Պարզվել է, որ մահերը, ապահով շրջանների համեմատ՝ կրկնակի շատ են աղքատ շրջաններում ։

Փոխանցում է BBC-ն։