03.06.2020 19:34

Շնորհակալություն, բայց պետք չէ

Շնորհակալություն, բայց պետք չէ

Ասում են` ախորժակն ուտելիս է բացվում:

Նախկին իշխանության ներկայացուցիչների եւ նրանց հարակից քարոզչիների պարագայում դա լավագույնս է երեւում: Իրենց քարոզչության մեջ այնքան ու այնպես են ընկղմվել, որ ամեն օր ավելի ու ավելի են «հավեսի ընկնում», եւ ամեն հաջորդ «միտքն» իր բովանդակությամբ ավելի ու ավելի ցինիկ է լինում, քան նախորդը: Էլ չասած խախտվող սահմանների մասին․ ամեն անգամ թվում է, թե սրանից դենն էլ ո՞ւր, բայց չէ, մեկ էլ հաջորդ սահմանն են անցնում, հետո՝ է՛լ ավելի անկարելիի սահմանը:

Ոչ թե իշխանության, այլ պետության պարագայում:

Ու հասել ենք այնտեղ, որ ոմանք արդեն բացահայտ երկրի պաշտպանունակության հարցն են դարձրել քննարկման առարկա:

Ընդամենը օրեր առաջ իր հերթական «տեսաուղերձում» Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որոշել էր «հերթական սենսացիոն բացահայտումներն» անել` հայտարարելով, թե իշխանությունները զենքի ապօրինի վաճառքի մեջ են թաթախվել, ու ապա երկար պատմում էր այն մասին, որ վերջին 2 տարիներին ձեռք բերված զենքերը, որ հռչակվել են լավ որակի, իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, քանի որ վաճառող երկրները դրանք հիմնականում հանձնում են որպես մետաղի ջարդոն: Այսինքն, թվացյալ ապօրինությունների մասին ահազանգող մարդը իրականում ուղիղ տեքստով ասում է, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանն արդեն պիտանի զենքերի խնդիր ունի:

Տեսնես` սահմանից այն կողմ ո՞վ կհրճվի՝ այդ լուրերն իմանալով:

Մեկ էլ անցնում է մի քանի օր, ու արդեն Հրանտ Բագրատյանն է մտնում այդ թեմայի մեջ: Բագրատյանը, որ իրեն անկախ է հռչակել, բայց նույն Մինասյանի ԶԼՄ-ների եթերների մշտական հյուրն է, հայտարարում է, թե ինքը Ալիեւի տեղը լիներ՝ կհարձակվեր Հայաստանի վրա, որը հիմա թուլացած է:

Մարդն այնքան է մտել իր կերպարի մեջ, որ, փաստորեն, արդեն պետությունը իշխանություններից չի տարբերում, որ փաստացի պատրաստ է օգնության ձեռք մեկնել անգամ մեզ հետ պատերազմող երկրի ղեկավարին, անգամ Ալիեւին, բայց ո՛չ կորոնավիրուսի հետ դժվար կռիվ տվող սեփական երկրին ու իշխանություններին: Ու սա, ցավոք, ոչ առաջին, ոչ վերջին նման դեպքն է, երբ նախկինները ներքաղաքական «կռվի» մեջ չեն խորշում մեջտեղ բերել Ադրբեջանին:

Ու զավեշտն այն է, որ այսքանից հետո այս մարդիկ լուրջ դեմքով հայտարարում են, թե իրենք ընդդիմություն են եւ քաղաքական պաքար են մղում, եւ որ մտադրություն ունեն գալ իշխանության ու փրկել մեզ:

Շնորհակալություն, բայց պետք չէ:

 

Արսեն Օհանյան