04.06.2020 15:21

Շվեդիան ամենևին էլ չի ընդունում, որ սխալ ճանապարհ է ընտրել

Շվեդիան ամենևին էլ չի ընդունում, որ սխալ ճանապարհ է ընտրել

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը կարճ հարցազրույց է տվել տեղական ռադիոկայանին և գրավել ամբողջ աշխարհի ուշադրությությունը․ լրագրողները նրա խոսքը մեկնաբանել են այնպես, թե իբր նա ընդունել է, որ կառավարությունը սխալ է գործել կորոնավիրուսի դեմ պայքարի ուղին ընտրելիս։

Վերջին մի քանի օրերին Շվեդիայում կորոնավիրուսից մահացությունն աշխարհում ամենաբարձրն էր՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով։ Դա նոր առիթ էր՝ երկրի իշխանություններին քննադատելու համար, որոնք պաշտպանել էին Թեգնելի առաջարկը և սահմանափակող միջոցառումներ չէին մտցրել՝ թույլ տալով մարդկանց ազատ տեղաշարժը։

Մի քանի ամիս առաջ Անդերս Թեգնելը «ոչ» էր ասել կարանտինին և ինքնամեկուսացմանը։ Նա այդ դիրքորոշումն ունի նաև այսօր և ամենևին էլ չի զղջում դրա համար։

«Եթե մենք այդ հիվանդությանը բախվեինք՝ ունենալով նույն գիտելիքները, ինչ ունենք այսօր, կարծում եմ՝ ինչ-որ միջին ճանապարհ կընտեինք Շվեդիայի ընտրած ճանապարհի և նրա միջև, ինչն ընտրեց մնացած աշխարհը»,- հարցազրույցում հայտարարել է նա։

Շվեդ համաճարակաբանի կարծիքով՝ դեռ շատ վաղ է եզրակացություններ անել, թե արդյոք կոշտ սահմանափակումներ մտցրած երկրները ճիշտ էին։ «Վերջին երեք-չորս ամիսներին մենք հասկացանք, որ այդ հիվանդությունը, մեծ հավանականությամբ, կարող է կրկին տարածվել»,- ասել է նա։

Շվեդիայում, որտեղ բնակվում է 10 մլնից ավելի մարդ, կորոնավիրուսը հաստատվել է 40 հազարի մոտ, մահացել է 4,5 հազար հիվանդ։

Փոխանցում է BBC-ն։