04.06.2020 17:50

Ա. Մարտիրոսյան. Ես իմ աջակցությունն եմ հայտնում վարչապետին

Ա. Մարտիրոսյան. Ես իմ աջակցությունն եմ հայտնում վարչապետին

«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը գրում է.

Այսօր պատերազմ է։ Պատերազմ վարակի դեմ, որի արդյունքում կորցնում ենք մեր քաղաքացիներին։
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պատերազմների ժամանակ ժողովուրդը համախմբվում է և թիկունք կանգնում իր իշխանությանը։ Դառնում է մեկ միասնական հզոր ուժ։
Մեր անկախության շրջանում նույնպես ունեցել ենք նման պահեր, երբ իշխանության ընդդիմախոսները ժողովրդի հետ նեցուկ են կանգնել իշխանությանը։
Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի առաջին «ընտրության» երդմնակալությանը՝ ամրապնդելով իշխանությունը։
Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում ընդդիմությունը հանդես եկավ իշխանության կողքին կանգնելու կոչով։
Հայ-թուրքական բանակցությունների պահին սառեցվեցին անգամ ոչ լեգիտիմ իշխանության դեմ զանգվածային միջոցառումները։
Քառօրյա պատերազմի ժամանակ ամբողջ ժողովուրդը և ընդդիմությունը կանգնեցին իշխանության թիկունքին։
Այսօր նույնպես պետք է մեկ մարդու պես նեցուկ լինել իշխանությանը և բոլոր հակաիշխանական արարքները պետք է ընկալվեն սաբոտաժ, Հայրենիքի դավաճանություն, աջակցություն վիրուսի տարածմանը։
Գործող ընտրված իշխանությունը չի կարող լինել անսխալ։ Եվ ցանկացած առողջ քննադատություն խրախուսելի է։ Սակայն իշխանափոխության որևէ կոչ անընդունելի է և կասկածի տակ է դնում ժողովրդի բարձր քվեն, նրա կամքը։
Անձամբ ես և իմ ղեկավարած կառույցները կատարել և կատարում ենք Պարետատան բոլոր որոշումներն ու հանձնարարականները՝ անկախ դրանց հետ մեծ ու փոքր անհամաձայնություններից։ Համոզված եմ, որ միայն համընդհանուր կարգապահությամբ է հնարավոր հաղթահարել ճգնաժամը։ Ընդդիմադիր հայացքներով պարտադրված քննադատությունները և որոշ պաշտոնյաների վրիպումների ինքաբավ քննադատությունը պետք է ստորադասվեն մեր պետության և մեր ժողովրդի շահերին։ Դեռ բազմաթիվ առիթներ կլինեն դրսևորվելու քաղաքական դաշտում։ Բայց այսօր եկեք միաբան լինենք։
Ես իմ աջակցությունն եմ հայտնում վարչապետին։