05.06.2020 12:48

Կորոնավիրուս․ Ռեկորդային մահացություն Լատինական Ամերիկայում

Կորոնավիրուս․ Ռեկորդային մահացություն Լատինական Ամերիկայում

Մեքսիկայում և Բրազիլիայում արձանագրվել է համավարակի սկզբից ի վեր մահերի ռեկորդային թիվ։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երկրում կարանտինը կերկարաձգի մինչև հունիսի 21-ը։ Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը Բուենոս Այրեսում է։ Վերջին օրվա ընթացքում արձանագրված վարակման 949 դեպքերից ընդամենը 40-ն է եղել մայրաքաղաքից դուրս։

Համավարակի սկզբից Արգենտինայում կորոնավիրուսով վարակվել է 19,2 հազար մարդ, մահացել է 583-ը։

Պերուի հիվանդանոցներում թոքերի արհեստական օդափոխության սարքերի սուր պակաս է զգացվում։ Վարակակիրների թվով այս երկիրը Լատինական Ամերիկայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Բրազիլիայից հետո․ գրեթե 179 հազար վարակակիր, 4 894 մահ։

Պարագվայի խորհրդարանում պատգամավորներից մեկը, ի նշան բողոքի Պարագվայի և Բրազիլիայի միջև սահմանը փակելուն, նիստի ընթացքում հանել է վերնաշապիկը։ Նա հայտարարել է, որ ներկայացնում է սահմանամերձ շրջանի ընտրողներին և լավատեղյակ է, որ Բրազիլիայի հետ առևտուր անելու անհնարինությունը իր հայրենի վայրերի շատ բնակիչների զրկել է տարրական եկամուտներից։

Պարագվայի իշխանությունները Բրազիլիայի հետ սահմանը փակել են մարտի կեսերից, երբ այդ հարևան երկրում արձանագրվել էր համաճարակի աննախադեպ բռնկում։

Բրազիլիան դարձել է աշխարհում երրորդ երկիրը Covid-19-ից մահացության թվով՝ ավելի քան 34 հազար մարդ։ Մեկ օրում այդ երկրում մահացել է գրեթե մեկուկես հազար հիվանդ։

Նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս Covid-19-ը համեմատել է, ինչպես ինքն է անվանել՝ «թեթև գրիպի» հետ և հրաժարվել է կարանտին մտցնել ու քննադատել է տեղական իշխանություններին, որոնք դիմել են ինքնամեկուսացման՝ համաճարակի տարածումը կանխելու համար։

Փոխանցում է BBC-ն։