05.06.2020 13:26

Guardian. ԱՀԿ-ի որոշման վրա ազդած հետազոտությունը կեղծիք է դուրս եկել

Guardian. ԱՀԿ-ի որոշման վրա ազդած հետազոտությունը կեղծիք է դուրս եկել

Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը ստիպված է եղել հերքել իր իսկ հրապարակած այն հոդվածը, որից հետո ԱՀԿ-ն դադարեցրել էր կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի արդյունավետության փորձարկումները։

Պարզվել է, որ հոդվածի հիմքում ընկած փաստերը ներկայացվել են ինչ-որ անհայտ, փոքր  Surgisphere ընկերության կողմից և հավանաբար՝ ճիշտ չեն։

Հետազոտությունը, ինչպես հավաստիացրել են հեղինակները, հիմնված է եղել ամբողջ աշխարհում 671 հիվանդանոցների 96 հազար պացիենտների տվյալների վրա։ Հետազոտության հեղինակների շարքում նշվել էին հայտնի գիտնականների անուններ։ Այդ հրապարակումից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել էր հիդրօքսիքլորոքինի փորձարկումները, քանի որ հոդվածի հեղինակները եզրակացրել էին, որ դա արդյունավետ չէ։

Guardian թերթը հրապարակել է հետազոտություն, որից հետևում է, որ Surgisphere ընկերությունն ընդամենը մի քանի տասնյակ աշխատակից ունի, այդ թվում՝ մի ֆանտաստ գրող և մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվող մի դերասանուհի։ Դրանից հետո այդ ընկերության հետազոտության որակը կասկածելի է թվացել լրագրողներին։

Փոխանցում է BBC-ն։