05.06.2020 17:25

Ուկրաինան օրենք է ընդունել գողական հեղինակությունների դեմ

Ուկրաինան օրենք է ընդունել գողական հեղինակությունների դեմ

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում «օրենքով գողերի» համար, ինչպես նաև սահմանում է «սխոդկա» (հավաք) հասկացությունը։

Հետխորհրդային երկրներում առաջինը նմանատիպ նորմեր են ներմուծվել, նախ՝ Վրաստանում, ապա՝ Ռուսաստանում։

Հինգշաբթի օրը ռադայի հավանությանն արժանացած օրենքի համաձայն՝ քրեական խմբավորումներ ձևավորելը և դրանք ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-ից 15 տարի ժամանակով և ունեցվածքի բռնագրավմամբ։

Օրենքով գողերին են հավասարեցված նրանք, ովքեր ուրիշների վրա հանցավոր ազդեցություն են գործում կամ  համակարգում են այլ անձանց հանցավոր գործունեությունը։

«Օրենքով գողի կարգավիճակի յուրահատկությունն այն է, որ այդ դրանք անձամբ ակտիվ հանցավոր գործունեությամբ չեն զբաղվում։ Յուրաքանչյուր օրենքով գող յուրայինների մի ամբողջ բուրգ է կառուցում»,- խորհրդարանում հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն՝ ներկայացնելով նոր օրենքը։ Ըստ նրա՝ ոստիկանության հաշվարկներով՝ Ուկրաինայում նման խմբերում մի քանի հազար մարդ է ընդգրկված։

Գողական «սխոդկան» նոր օրենքում սահմանվում է որպես հանցավոր հավաք՝ հանցագործություններ պլանավորելու, եկամուտները և ազդեցության ոլորտները բաշխելու նպատակով։ Նման հավաքների կազմակերպումը և դրանց մասնակցելը պատժվում են 7-ից 12 տարի ազատազրկմամբ, ունեցվածքի բռնագրավումով։

Փոխանցում է BBC-ն։